Բաժիններ՝

Երազում եմ ունենալ հինգ կամ վեց երեխա. Արամ Mp3­-ն` ստեղծագործական ուղու և անձնական կյանքի մասին

«Արմենպրես»­-ը և «Լոֆթ» կենտրոնը «Պատվերով հարցազրույց» նախագծի շրջանակներում հյուրընկալեցին երգիչ և դերասան Aram Mp3-­ին: Նրա հետ հարցազրույցը պատվիրել էր դերասանուհի Տոմա Պետրոսյանը:
­

Ինչպե՞ս սկսեցիք Ձեր կարիերան, և արդյոք պատկերացնում էիք, որ հետագայում կներկայացնեք Հայաստանը Եվրատեսիլ երաժշտական մրցույթում, կնկարահանվեք լիամետրաժ ֆիլմում՝ մարմնավորելով հանրապետության «առաջին դեմքին»:

Արամ Mp3 ­- Իրականում շատ տարերայնորեն է ստացվել որ հայտնվել եմ այս ասպարեզում: Ես այն մարդկանցից եմ, ով կասկածանքով է վերաբերվում ճակատագիր ասածին, բայց իմ կյանքում մասնագիտությունը շատ հետաքրքիր ճանապարհ ունեցավ: Ինքս շատ եմ սիրում բեմ, տեսախցիկ, երգ, երաժշտություն: Այնպես ստացվեց, որ սկսեցի ակտիվ ներգրավվել ուրախների և հնարամիտների ակումբում, հետագայում այդ ամենը դրաձավ ավելի լուրջ, ստեղծվեց «32 ատամ» նախագիծը, այնուհետև «Վիտամին»­-ը, այնուհետև համերգները: Չեմ կարող ասել, թե կոնկրետ նպատակ եմ ունեցել և շատ աշխատել եմ այդ ուղղությամբ: Ինձ մոտ ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվել: Այն ժամանակ հաճելի անքուն գիշերներ էինք անցկացնում, ոգևորված աշխատում էինք: Իսկ հիմա գիշերները չենք քնում, որովհետև ստիպված ենք աշխատել, քանի որ տարիների ընթացքում խնդիրները շատանում են:

Շատ են խոսում այն մասին, որ «Առաջին դեմք» ֆիլմի սցենարը վերցված է «Սլուգա նառոդու» բազմասերիանոց ուկրաինական ֆիլմից, որտեղ գլխավոր հերոսին մարմնավորում է Վլադիմիր Զելենսկին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Արամ Mp3 -­ Անկեղծ ասած ես այդ ֆիլմը չեմ տեսել: Համացանցում նկատել եմ, որ շատերն են համեմատում այդ կինոնկարի հետ, բայց համեմատականներ կարելի է տանել տարբեր ֆիլմերի հետ: Դասական «Принц и нищий» ստեղծագործության տարբերակն է, այսինքն մարդը չունի ոչինչ, ստանում է ամեն ինչ և իրեն տրվում է հնարավորություն փոխելու ու ստեղծելու իր պատկերացրած երկիրը:
­

Կա՞ այնպիսի շրջան Ձեր անցած կյանքում, ուր կցանկանայիք վերադառնալ:

Արամ Mp3 -­ Նման մտքեր ինձ այցելում են տարին մի քանի անգամ, դրանք կապված են նրա հետ, որ իմ անձնական կյանքը միայն իմ անձնականը չէ: Շատ հաճախ չեմ կարողանում անել այնպես, ինչպես օրինակ իմ ընկերները, որոնց աշխատանքը ավարտվում է ժամը 18:00-­ին և հանգիստ գնում են տուն: Իհարկե, ես սիրում եմ իմ մասնագիտությունը: Ի տարբերություն իմ ընկերների, ես ռոբոտացված աշխատանք չեմ անում, ավելի ազատ եմ և այդ հարցում տասով զրո հաղթում եմ նրանց: Սակայն մեկ ուրիշ հարցում զիջում եմ, երբ նրանք կարողանում են շաբաթ և կիրակի օրերին կազմակերպել «Long weekend» և ընտանիքի անդամների հետ գնալ քաղաքից դուրս և ժամանակ անցկացնել: Ես ունեմ հիանալի ընտանիք, բայց գերզբաղվածության պատճառով չեմ հասցնում շատ ժամանակ անցկացնել նրանց հետ:
­

Ավելի շատ ո՞ր ուղղությունն եք նախընտրում Ձեր մասնագիտությունների ցանկում:

Արամ Mp3 -­ Առաջնահերթ միանշանակ երաժշտությունը, երգը, սիրում եմ «Stand Up» հումորի ժանրը: Առաջին իմ ֆիլմը՝ «Առաջին դեմք», որտեղ ես մարմնավորել եմ գլխավոր հերոսին: Իրականում հուզմունքս մաքսիմալ աստիճանի է հասել: Ֆիլմի նկարահանումների ժամանակ ինձ համար կար խնդիր, որը ես պետք է հաղթահարեի: Ինձ վրա շատ մեծ պատասխանատվություն էր դրված, ես խաղում եմ գլխավոր կերպար, այն էլ երկու գլխավոր կերպար, ովքեր մեկը մյուսից ժամանակի ընթացքում պիտի տարբերվեին: Այսինքն մարդ ով «բառադի» անձնավորություն է և ժամանակի ընթացքում նա դառնում է նախագահ, մնալով նույն «բառադի»­-ն, բայց հետագայում աստիճանաբար նա փոխվում է և վերածվում իրպատկերացրած նախագահին:
­

Հարցազրույցներից մեկում Դուք նշել էիք, որ առաջկայում սպասվող ձեր համերգին հանդիսատեսին սպասվում են անակնկալներ։ Կբացահայտե՞ք, թե ինչ է սպասվում հանդիսատեսին։

Արամ Mp3 -­ Համերգը ունի հրաշալի կազմակերպչական թիմ: Ես մենակ չեմ աշխատում համերգի կազմակերպման հարցերով: Ունենք համերգի գեղարվեստական ղեկավար՝ Վահագն Գրիգորյանը, գրաֆիկական դիզայներ՝ Մայիս Հայրապետյանը, հագուստի դիզայներ Դիանա Շատվերյանը և այլոք:

Մենք բեմի վրա փորձել ենք ստանալ մի այնպիսի տրամադրություն, որպեսզի հանդիսատեսը իրեն զգա բեմի վրա: Փորձել ենք օգտագործել 3D էֆեկտներ, ինչի շնորհիվ, առանց 3D ակնոցի, ակնդիրը իրեն կարող է զգալ այսպես ասած «համերգի մեջ»: Լինելու է ահռելի LED էկրան 17 մետր երկարությամբ, որը դրված է լինելու անմիջապես իմ մեջքի հետևում և իմ երգերն ու շարժումները հիմնականում սինխրոնանալու են էկրանի պատկերների և անիմացիոն տեսանյութերի հետ: Նույնիսկ նման բան Հայաստանում առաջին անգամ է արվում: մտավախություն ունեմ, որ հանդիսատեսը ավելի շատ էկրանին ուշադրություն կդարձնի:
­

Ֆեյսբուքում հայտնվել են լուսանկարներ, որտեղ Դուք պատկերված եք կանանց և աղջիկների հետ։ Դա համերգի գովազդային արշավի համա՞ր է։

Արամ Mp3 ­- Այո, մենք սոցիալական ցանցերի միջոցով համերգի գովազդային ակցիա ենք իրականացնում՝ գեղեցկության սրահում, դիմահարդարման սրահում, այգում, պոնչիկանոցում և այլ վայրերում, որտեղ ես մեկ հատ ծաղիկ ձեռքիս նկարվում եմ աղջիկների հետ: Հետո իհարկե հարցնում են, ­ «Ո՞ր ալիքով կարող ենք տեսնել», ասում եմ «ֆեյսբուքով»:
­

Ո՞վ կամ ովքե՞ր են Ձեր սիրած արտիստները:

Արամ Mp3 -­ Դժվարանում եմ պատասխանել այս հարցին, քանի որ իմ կյանքի տարբեր փուլերում եղել են արտիստներ, ովքեր ինձ վրա ազդեցություն են թողել: Հումորային ժանրում մինչ օրս, ինձ համար, լավագույն դերասանը Ջիմ Քերին է: Կարող է պրիմիտիվ հնչել բայց ինձ համար շատ լուրջ դերասան է Լեոնարդո ԴիԿապրիոն, ում խաղը ես շատ եմ հավանում:

Շատ արտիստներ կան, ովքեր իրենց հետքն են թողել իմ հետագա ճանապարհին: Օրինակ երգիչներից՝ Մայքլ Ջեքսոն, Սթիվի Ուոնդեր, Ռեյ Չարլզ, Սթինգ և այլք: Այս արտիստներից կարելի է շատ բաներ սովորել, որոնք պետք են գալիս քեզ ապագայում:
­

Ի՞նչ երազանք ունեք:

Արամ Mp3 -­ Երազանքներ շատ ունեմ: Երազում եմ ունենալ հինգ կամ վեց երեխա: Երազում եմ, որ մեր երկիրը տարբեր բնագավառներում կարողանա մրցել այլ երկրների հետ: Ցանկություն ունեմ, որ մեր արտիստները, մարզիկները և այլք, դուրս գան միջազգային ասպարեզ, ինչպես օրինակ Հենրիխ Մխիթարյանը: Ուզում եմ, որ Հենոներ շատ լինեն մեր երկրում և տարբեր բնագավառներում:

Լևոն Դադասյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս