Դպրոցներում կիրականացվի դեռահասների սնուցման իրավիճակի գնահատում

Երեկ ՀՀ առողջապահության նախարարության և Մոր ու մանկան առողջության դաշինքի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ ի նշանավորումն շարունակական համագործակցության, ուղղված ազգային առողջապահական, սնուցման քաղաքականության և ռազմավարությունների համատեղ մշակմանը, իրականացմանը և մշտադիտարկմանը:

Հուշագիրը ստորագրեցին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, Մոր և մանկան առողջության դաշինքի համանախագահող կազմակերպությունների ղեկավարներ` «Օքսֆամ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը և «Փրկենք երեխաներին» հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Ստեփանյանը:

Ողջունելով ներկաներին` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ ապրիլի քառօրյա պատերազմն իր հրամայականը թողեց բոլորին՝ համախմբվել և առկա ռեսուրսների համադրմամբ կրկնապատկել իրականացվող աշխատանքի արդյունավետությունը: «Մոր և մանկան առողջության դաշինքի հետ համագործակցում եմ տարիներ, այստեղ համախմբվել են կազմակերպություններ, որոնք ունեն լուրջ ներուժ, ռեսուրսներ և պրոֆեսիոնալիզմ ոլորտում բարեփոխումներին նպաստելու համար, ինչը լավ օրինակ կարող է դառնալ այլ կազմակերպությունների համար»,- ընդգծեց Սերգեյ Խաչատրյանը:

«Օքսֆամ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը ևս անդրադառնալով ժամանակի հրատապ խնդիրներին, որպես լուծում կարևորեց երկրում գործող բոլոր առողջ ուժերի համագործակցությունը` վկայակոչելով կնքված հուշագիրը:

«Դեռահասների սնուցման, թերսնուցման խնդիրները դիտարկվում են ազգային անվտանգության համատեքստում և, հետևաբար, համատեղ մշտադիտարկումը կարող է խթանել այս գերխնդրի լուծումը` ինչպես ընտանիքում, դպրոցական միջավայրում, այնպես էլ քաղաքականությունների և որոշումների կայացման մակարդակում»,- նշեց «Փրկենք երեխաներին» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Ստեփանյանը:

Նշենք, որ միջոցառմանը մասնակցում էին նաև Մոր և մանկան առողջության դաշինքի անդամ կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ:

Հուշագիրը կոնկրետ գործնական մաս ունի, որ վերաբերում է կողմերի ստանձնած հետագա անելիքներին. առաջնահերթ է հռչակվել հանրային առողջապահության, հանրային առողջապահական կրթության, առողջապահության ոլորտում շահերի պաշտպանության և բնակչության սնուցման բարելավման ազգային քաղաքականության մշակման, իրականացման և մշտադիտարկման հետ կապված խնդիրների լուծումը:

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին գործակցելու՝ ձևավորելով սնուցման բարելավման ազգային ռազմավարության համատեղ մոնիտորինգային խումբ, իրականացնել սնուցման ազգային ռազմավարության, մասնավորապես` առողջ ապրելակերպի խթանման և սնուցման քաղաքականության համատեղ մշտադիտարկում:

Հուշագիրը, որ վավեր է առաջիկա 5 տարվա ընթացքում, գործնականում տեսանելի կլինի լավագույն փորձառության փոխանակմամբ, համատեղ միջոցառումների իրականացմամբ:

Տեսանյութեր

Լրահոս