«Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը կթաղի Մոսկվայի գլխավոր տարածաշրջանային ծրագիրը». Էդուարդ Աբրահամյան

«Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման շուրջ Մոսկվայի մտավախությունը պարզ է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց պ․գ․թ․, Սևծովյան տարածաշրջանի անվտանգության, ՆԱՏՕ-ի ռազմավարության հարցերով փորձագետ, Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող, վաշինգտոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով վերլուծաբան էդուարդ Աբրահամյանը՝ մեկնաբանելով Արցախի անկախության ճանաչման օրինագծի վերաբերյալ Մոսկվայի բուռն արձագանքները:

Հիշեցնենք, որ թե՛ երեկ, թե՛ այսօր օրինագծի վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններով են հանդես եկել թե ՌԴ Պետդումայի մի շարք պատգամավորներ, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, թե ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ու մի շարք ռուսաստանյան ԶԼՄ-ներ՝ Հայաստանի այս նախաձեռնությունը պատերազմի «ձեռնոց» որակելով:

Նախ Էդուարդ Աբրահամյանը նշեց, թե չի կարծում, որ Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Նրա գնահատմամբ՝ դա փորձ է՝ օգտագործել այս խաղաթուղթն Ադրբեջանին նոր ագրեսիայից զերծ պահելու նպատակով, ինչը, սակայն, Աբրահամյանի համոզմամբ, քիչ արդյունավետություն կունենա։ «ՀՀ-ի կողմից Արցախի ճանաչումը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դժվար թե այդքան «վախեցնում» է ու դժվար թե ետ կպահի հարձակման նոր փորձերից։ Ընդհակառակը, պատրաստ գտնվելու դեպքում Բաքուն կարող է հարձակվել՝ ուշադրություն չդարձնելով` Հայաստանը ճանաչե՞լ է Արցախը, թե՞ ոչ։ Մյուս կողմից՝ Արցախի ճանաչումը մեծ քաղաքական դիվիդենտներ դժվար թե բերի Հայաստանին, քանի որ դա որևէ անվտանգության հարց գլոբալ առումով չի լուծի։ Ուրիշ բան, եթե, օրինակ, Արցախը միացվի Հայաստանին։ Հավանաբար, կստեղծվի շատ ավելի նոր իրավիճակ՝ ունենալով ազդեցություն նաև աշխարհաքաղաքական որոշ գործընթացների վրա, օրինակ, Մոլդավայի՝ Ռումինիային միանալու հարցում, և այլն»,- ասաց նա:

Վերլուծաբանի կարծիքով՝ Ռուսաստանի մտավախությունը պարզ է՝ Հայաստանը ճանաչելով Արցախի անկախությունը՝ կխառնի Մոսկվայի ծրագրերը տարածաշրջանում, որն իրենից ոչ միայն ԱՄՆ-ին հակամարտությունից զերծ պահել է ենթադրում։ «Ճանաչումը կթաղի Մոսկվայի գլխավոր տարածաշրջանային ծրագիրը՝ միավորել Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը համընդհանուր քաղաքական, տնտեսական ու անվտանգության աշխարհաքաղաքական տարածության մեջ, որի հնարավորությունը, ըստ Մոսկվայի, տալիս են Եվրասիական Միությունն ու ՀԱՊԿ-ն»,- նկատեց Աբրահամյանը։ Սակայն, վերջինիս խոսքով, ռուսական ազդեցության համար կործանարար կլինի, եթե, օրինակ, Երևանը միավորի Արցախը Հայաստանի իրավաքաղաքական դաշտին։ «Արցախի միացումը Հայաստանին չի նվազեցնի սպառնալիքների աստիճանը, բայց կկրճատի հնարավորությունները մի շարք տարածաշրջանային խաղացողների համար, օրինակ՝ Ռուսաստանի կողմից Արցախի, այսպես կոչված, ինստրումենտալիզացիան, օգտագործելով այս դե ֆակտո պետական կազմավորումը մանիպուլյացիայի ենթարկելու համար թե Հայաստանին և թե Ադրբեջանին։ Ի հակառակ սրան՝ Արցախի ինստրումենտալիզացիան Ռուսաստանի կողմից հնարավոր կլինի ռուսական խաղաղապահների տեղակայման հետևանքով, ինչին Ռուսաստանը ձգտում է, և ՀՀ նախագահը, փաստորեն, հաստատում է վերջին հարցազրույցի ժամանակ։

Դե ֆակտո պետությունների օգտագործման մեծ փորձ ունի Ռուսաստանը նույն Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսեթիայում, վերջերս ձևավորված, այսպես կոչված, Լուգանսկի ու Դոնեցկի Ժողովրդական հանրապետություններում։ Սրանք բոլորն անխտիր ռուսական արտաքին քաղաքականության մանիպուլյացիայի գործիքներ են Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդավայի դեմ։ Հատկանշական է, որ Արցախը միակ դե ֆակտո պետական կազմավորումն է, որտեղ այս կամ այն կերպով առկա չէ ուղղակի ռուսական գործոնը՝ տեղակայված զորքերի տեսքով»,- մեկնաբանեց Էդուարդ Աբրահամյանը:

Էդուարդ Աբրահամյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս