Արդյոք Ադրբեջանը մայիսի 9-ին ընդառաջ նոր հարձակում պլանավորո՞ւմ է, թե՞ ոչ

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն այսօր հրավիրված ասուլիսում՝ խոսելով Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զինուժի տեղաշարժերի և կուտակումների մասին, ասաց, թե դժվար է հստակ ասել՝ Ադրբեջանը մայիսի 9-ին ընդառաջ նոր հարձակում պլանավորո՞ւմ է, թե՞ ոչ: «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը հարձակում սկսելուց առաջ պետք է լուրջ հաշվարկներ անի, որովհետև, օրինակ, մայիսի 9-ին ևս մեկ հարձակում սկսել ու կրկին պարտվել, չեմ կարծում, որ սա մտնում է Ադրբեջանի պլանների մեջ: Նրանք պետք է վստահ լինեն, որ հարձակվելու դեպքում կարող են ինչ-որ հաջողության հասնել, իսկ դա որևէ մեկը չի կարող երաշխավորել: Իսկ ապրիլյան չորսօրյա պատերազմը նրանց համար վառ օրինակ է, որ հաջողության հասնելն այդքան էլ հեշտ չէ»,- նշեց Մարգարովը:

Նա անդրադարձավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումներին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Քաղաքագետի խոսքով՝ այդ հանդիպումները պետք է դիտարկել այն տրամաբանության մեջ, որ առաջին նախագահը ցանկանում է ծանոթանալ ստեղծված իրավիճակի հետ:

«Եկեք չմոռանանք, որ առաջին նախագահը ունի իր հետաքրքրությունը երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ: Այս տրամաբանության շրջանակներում մենք կարող ենք դիտարկել այդ երկու հանդիպումները, որոնք տեղի են ունեցել: Ընդհանուր առմամբ, որևէ մեկը չի զարմանում, երբ Հայաստանի քաղաքական գործիչները մեկնում են Արցախի Հանրապետություն, ունենում են հանդիպումներ: Այս դեպքում էլ պետք չէ զարմանալ»,- ասաց Մարգարովը:

 

Տեսանյութեր

Լրահոս