Այդպիսի նախագահ մենք դեռ չենք ունեցել. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Արցախ` ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպելու։ Թե՛ այդ քայլը եւ թե՛ դրանից առաջ՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տալիս։
Նրանք, ովքեր պարտադիր ցանկանում են ամեն ինչում բացասականը տեսնել, հայտնում են իրենց «հիմնավոր» կասկածները՝ ընդհուպ մինչեւ «հուշում, թե ինչպես է պետք Ղարաբաղը հանձնել»:
Այդ կասկածներն, իմ կարծիքով, մանր, ճղճիմ, քաղքենիական խոսակցությունների շարքում են, որոնք միշտ էլ կային, բայց այս օրերին առավել անպատեհ են թվում: Այստեղ տեղը չի քննարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի անցած ուղու դրական եւ բացասական կողմերը: Կարճ կրկնեմ մի անգամ արտահայտած միտքս. այդպիսի նախագահ մենք դեռ չենք ունեցել, այդպիսի ընդդիմադիր (խոսքը նրա` մինչեւ 2016 թվականի ապրիլի 1-ը ընդդիմադիր գործունեության մասին է)` լիքը ունեցել ենք եւ դեռ կունենանք: Բայց ապրիլին վերսկսված ակտիվ մարտական գործողություններից հետո առաջին նախագահի եւ ՀԱԿ-ի կեցվածքը, կարծում եմ, օրինակելի է մյուս քաղաքական ուժերի համար:
Առաջին նախագահի համար առաջնահերթությունը պետությունն է, քանի որ ակնհայտ է, որ հիմա լուծվում է ոչ միայն Արցախի, այլեւ մեր պետության գոյության հարցը։ Նա, իհարկե, իր քաղաքական գործունեության ժամանակ արել է բազմաթիվ ճիշտ եւ սխալ քայլեր, բայց երբեք չի փորձել գողանալ մարդկանց էմոցիաները՝ դարձնելով դրանք քաղաքական կապիտալ։ Կան գործիչներ եւ քաղաքացիներ, որոնք գտնում են, որ հիմա հենց դրա ժամանակն է, եւ դրա համար լավ առիթ է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: