Ե՞րբ է կարգի բերվելու Ստեփանակերտ-Երևան միջպետական ռազմավարական ճանապարհը
Ստեփանակերտ-Երևան միջպետական ռազմավարական նշանակության ճանապարհը տեղ-տեղ պարզապես խայտառակ վիճակում է: Ապրիլյան պատերազմի սկզբից այս հարցն առավել հրատապ է դարձել, սակայն լուծումը, կարծես, ուշանում է: Մինչ օրս ճանապարհի որոշ հատվածներ լուրջ խնդիրներ են առաջացնում վարորդների համար: Ներկայացված տեսանյութը քաղաքացիներից մեկը նկարահանել է մայիսի 2-ին:
168.am-ը ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց, թե Ստեփանակերտ-Երևան մայրուղին ե՞րբ է կարգի բերվելու:
«Այժմ իրականացվում են փոսային նորոգման աշխատանքներ, որոնք ավարտին կհասցվեն վաղը, և կլինի նորմալ երթևեկելի ճանապարհ»,- հայտարարեց փոխնախարարը:
Ըստ նրա՝ ամբողջ խնդիրն այն է, որ այդ ճանապարհի ծրագիծը կրկնում է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու ներդրումային ծրագիրը, դրա համար այնտեղ խոշոր կապիտալ ներդրումներ այս պահին չեն արվում, քանի որ սպասվում է, որ այդ ծրագծով կկառուցվի նոր ճանապարհ: Ա. Առաքելյանը նշեց, որ այդ իսկ պատճառով որոշում է կայացվել, որպեսզի այդ ճանապարհահատվածը փոսային նորոգմամբ պահպանվի, համապատասխան միջոցները կառավարության մարտի 31-ի որոշմամբ ստացվել են, ու աշխատանքներն իրականացվում են. «Ուղղակի ժամանակը չներեց, որպեսզի մենք ավելի շուտ սկսեինք, այնտեղ այդ ծանր օրերին նույնիսկ ձյուն տեղաց, և անմիջապես, հենց եղանակային պայմանները ներեցին, սկսվեցին աշխատանքները և վաղն ավարտին կհասցվեն, եթե եղանակը կրկին չխանգարի:
Մասնագետները լուրջ ուսումնասիրել են, և կիրառվող մեթոդը ճիշտ է, ժամանակավոր, բայց լուծում կապահովվի»:
Թե «Հյուսիս-Հարավի» շրջանակներում ե՞րբ կվերակառուցվի ճանապարհը, Ա. Առաքելյանը նշեց, որ նախագծային աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, ըստ տրանշերի՝ որոշում կկայացվի, թե որ հատվածը կսկսվի մի քիչ ավելի շուտ կամ մի քիչ ավելի ուշ:
«Ամեն դեպքում, հարցը մեր ուշադրության կենտրոնում է»,- վստահեցրեց նա՝ նշելով, որ, եթե ճանապարհը չկրկներ «Հյուսիս-Հարավի» ծրագիծը, բնական է, որ այդ ճանապարհի համար ավելի լուրջ ներդրումներ կարվեին, և հիմնովին կվերանորոգվեր ու կվերակառուցվեր, բայց քանի որ խոշոր ներդրումներ են սպասում «Հյուսիս-Հարավի» մասով, ապա որոշվել է ժամանակավոր լուծում տալ:
Փոխնախարարի խոսքով՝ մինչև այս տարվա կեսերն արդեն պարզ կլինի, թե որ տրանշերն ինչ միջոցներով և ինչ ժամկետներում ուժի մեջ կմտնեն, և կիրականացվի արդեն նոր ճանապարհի կառուցում:
https://www.youtube.com/watch?v=KKOyKxKOyh4