Մերկելը Ճապոնիային առաջարկել է անդամակցել ՆԱՏՕ-ին. ԶԼՄ-ներ
2015թ. մարտին Ճապոնիա կատարած այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին դիտարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը, հայտնում է The Japan News-ը:
«Ես կարող էի համոզել Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին»,- ասել է Մերկելը:
The Japan News-ի տվյալով՝ Աբեն նշել է, որ հնարավոր է՝ ապագայում քննարկի այդ հարցը, սակայն հարաբերությունների նման զարգացումը հղի է Ռուսաստանի հետ խաղաղ պայմանագրի կնքման դադարեցմամբ:
Հիշեցնենք, որ Ճապոնիան ներառված չէ ոչ մի ռազմական բլոկում, սակայն դիտարկվում է ՆԱՏՕ-ի կողմից որպես հիմնական դաշնակից Ավստրալիայի, Թաիլանդի, Հարավային Կորեայի, Պակիստանի, Արգենտինայի ու Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ միասին:
Հայտնի է, որ 2015թ. սեպտեմբերից Ռուսաստանն ու Ճապոնիան վերսկսել են խաղաղ պայմանագրի քննարկումները: