Արայիկ Հարությունյանը հանդիպել է Հադրութի շրջանի համայնքապետերի և ֆերմերների հետ
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 1-ին Հադրութում հանդիպել է շրջանի համայնքապետերի և ֆերմերների հետ՝ քննարկելով ստեղծված իրավիճակում թիկունքային ապահովվածության, գարնանացանի, հունձի և հակահրդեհային աշխատանքների հետ կապված հարցեր:
Վարչապետն իր խոսքում կարևորել է Ադրբեջանի վերջին շրջանի ագրեսիայի պայմաններում թիկունքային աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, ինչն ուղիղ կերպով ազդեցություն է թողնում բանակի մարտունակության վրա: Նա հորդորել է ներկաներին փոխհամաձայնեցված աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ՝ օգտագործելով համայնքների ողջ ներուժը: Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել համայնքապետներին՝ ցուցաբերած ինքնակազմակերպվածության և նվիրման համար:
«Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով որոշ խնդիրներ առաջացան տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության մեջ: Իհարկե, շնորհիվ մեր բանակի՝ շատ արագ կարողացանք կայունացնել ռազմական իրավիճակը, սակայն այժմ պետք է լծվենք թե՛ թիկունքի ամրացման, թե՛ տնտեսության բնականոն աշխատանքների կազմակերպման գործերին: Թեև որոշ ժամկետների մասով ուշացել ենք, սակայն դեռևս ժամանակ կա գարնանացան որոշ կուլտուրաների մշակման համար: Այնպես որ ակնկալում եմ ձեզնից օպերատիվ և արդյունավետ աշխատանք, իսկ կառավարությունը հնարավորինս կաջակցի հողագործների ջանքերին»,- նշել է վարչապետը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև հունձի նախապատրաստմանն ու հրդեհների կանխարգելմանն ուղղված աշխատանքների հետ կապված հարցեր: Գործադիրի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ գյուղտեխնիկայի արդյունավետ կիրառման և հրդեհավտանգ խոտածածկերի վերացման վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն անդրադարձել է համայնքներում կամավորական աշխատանքների անհրաժեշտությանը, որոնց միջոցով պետք է հատկապես այս օրերին աջակցել կարիքավոր բոլոր ընտանիքներին՝ փոխարինելով առաջնագծում գտնվող նրանց անդամներին: