Բաժիններ՝

Թուրք սահմանապահները գնդակահարում են սիրիացի փախստականներին. Times

Բրիտանական Times-ը, հղում կատարելով Սիրիայում մարդու իրավունքների հարցով դիտորդական խմբին, հայտնում է, թե թուրք սահմանապահները գնդակահարում են փախստականներին, որոնք փորձում են փրկվել Սիրիայի քաղաքացիական պատերազմից:
Կազմակերպության հաղորդմամբ՝ վերջին 4 ամսում սահմանը հատելու փորձեր կատարելիս սպանվել է սիրիացի 16 ներգաղթյալ, այդ թվում՝ 3 երեխա:

Ընդ որում՝ Սիրայի ազատ բանակի ներկայացուցիչը հայտարարել է, թե սպանվածների թիվն ավելի շատ կարող է լինել: Պարբերականի հաղորդմամբ՝ փետրվարի 6-ին Սիրիայի Ռաս-էլ-Այն քաղաքի մոտ՝ թուրքական սահմանի հարևանությամբ, սպանվել է տղամարդ ու նրա երեխան, մարտի 5-ին՝ սպանվել է ևս 2 ներգաղթյալ:

Ինչպես The Times-ին պատմել է ներգաղթյալների անօրինական տեղափոխմամբ զբաղվող մաքսանենգներից մեկը, ներկայում սիրիացի փախստականները կարող են թուրքական սահմանը հատել «կա´մ սպանված, կա´մ պատանդ են վերցվելու»:

«Նախկինում թուրք զինվորականներն օգնում էին փախստականներին սահմանը հատելիս, տանում էին նրանց ճամպրուկները: Սակայն հիմա սահմանապահները նրանց վրա կրակում են»,- պատմել է գործակալության զրուցակիցը:

The Times-ը կարծում է, որ փախստականների սպանությունը կասկածի տակ է դնում 11օր առաջ Թուրքիայի ու Եվրամիության միջև կնքված միգրացիոն համաձայնագիրը:
«Համաձայնագրի շրջանակում Թուրքիան բնութագրվում է որպես անվտանգ երրորդ երկիր: Դա նշանակում է, որ փախստականները պետք է ունենան հնարավորություն այնտեղ վերադառնալ առանց վախենալու, որ իրենց կարող են հետապնդել»,- պնդում է պարբերականը:

Ինչպես գրում է The Independent-ը, Անկարայի իշխանությունները չեն հերքում, որ երբեմն «սահմանապահները ստիպված են կրակ բացել նրանց ուղղությամբ, որոնք փորձում են անօրինական կերպով հատել սահմանը»:

«Որոշ դեպքերում սահմանապահներն այլ ընտրություն չունեն, քանի որ հաճախ են ենթարկվում մաքսանենգների ու ահաբեկչական խմբավորումների հարձակումներին Սիրիայի հետ սահմանին»,- պարբերականի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի կառավարությունում բարձրաստիճան աղբյուրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս