1.5 ժամ զբաղված են ոչնչով». «4+4+4»-ը դարձել է «3+4+6»
«ԸՕ փոփոխության կարևորությունը կապված չէ նոր Սահմանադրության ընդունման հետ, այլ կապված է Հայաստանում գոյություն ունեցող համակարգային ընտրակեղծարարության հետ, որ տեղի ունեցավ նաև դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ: Խաթարված է հանրության հավատն ընտրությունների նկատմամբ և պետք է փորձել միասնաբար քայլեր կատարել այս հավատի վերականգնման ուղղությամբ և լավագույն միջոցը լայն հանրային կոնսեսուսի ստեղծումն է ԸՕ փոփոխությունների շուրջ»,- այսօր ԱԺ-ում ԸՕ նախագծի շուրջ «4+4+4» ձևաչափով աշխատանքային հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նկատենք, որ «4+4+4»-ն իրականում «3+4+6» հանդիպում է, ԱԺ ընդդիմության կողմից մասնակցում են 3 ներկայացուցիչներ՝ Լևոն Զուրաբյան, Հովհաննես Մարգարյան և Նաիրա Զոհրաբյան, քաղաքացիական հասարակության կողմից 4-ն են՝ Արտակ Զեյնալյան, Տիգրան Եգորյան, Դանիել Իոնիսյան և Սոնա Այվազյան, իսկ իխշխանության կողմից 6-ն են՝ Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Հովհաննես Սահակյան, Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան և Հրայր Թովմասյան:
Լ.Զուրաբյանը նշեց, որ 5 միասնական պահանջների պլատֆորմի շուրջ համախմբվել են մարդու իրավունքների պաշտպանության և ընտրական գործընթացների օրինականության վերահսկման գործում փորձառու 27 ՀԿ-ներ, 12 քաղաքական ուժեր և ԵՄ Արևելյան գործընկերության ՀԿ-ների պլատֆորմը, այսինքն՝ լայն կոնսենսուս կա, որում չկա միայն իշխանությունը: Լ.Զուրաբյանն առաջարկեց նախ բանակցային գործընթացի ֆորմատը ճշտել:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Ն.Զոհրաբյանի խոսքով՝ ԲՀԿ առաջարկները շատ ավելին են, թեև որոշ կետեր նույնական միասնական պլատֆորմի հետ, բայց ԲՀԿ-ն մասնակցում է ԸՕ քննարկումներին իր օրակարգով: Նա հայտարարեց, որ սրանք բանակցություններ չեն, այլ պարզապես քննարկումներ:
«Որքան շատ քննարկումներ լինեն, այդքան լավ, որովհետև դա թույլ կտա ունենալ լավ ԸՕ»,- ասաց Դ.Հարությունյանը՝ հստակեցնելով, որ սա ընդամենն աշխատանքային քննարկում է, ոչ թե բանակցություններ, և որ վերջնական որոշումն ընդունելու է ԱԺ-ն:
Դ.Հարությունյանը հայտարարեց, որ բովանդակային աշխատանքի համար, որպեսզի մասնակիցները չկաշկանդվեն, քննարկումը պետք է իրականացնել փակ դռների հետևում:
Լ.Զուրաբյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է իշխանությունը ներկայացել ձևաչափից ավելի շատ անձանցով:
«Մենք ձեզ էնքան ենք հարգում, որ եկել ենք 6 հոգով»,- պատասխանեց Հ.Սահակյանը՝ հակադարձ հարց հնչեցնելով, թե ինչո՞ւ է ընդդիմությունը 3 հոգով:
Լ.Զուրաբյանի դժգոհ արտահայտություններին ի պատասխան Ա.Վարդանյանը չզսպեց իրեն՝ «Մի´ ընդմիջիր, կարգեր դու չես սահմանում»:
Ն.Զոհրաբյանն ու արդարադատության նախարար Ա.Հովհաննիսյանն արձանագրեցին, որ «1.5 ժամ զբաղված են ոչնչով»:
Ի վերջո, քննարկման մասնակիցները որոշեցին, որ հարկ է անցնել փակ ռեժիմի՝ ավելորդ ձևականություններից խուսափելու և բովանդակային քննարկում ծավալելու համար:
Գայանե Խաչատրյան