Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պատվիրակությունը ժամանելու է Հայաստան

Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՌՌՀԻ) եվրասիական համաժողովի շրջանակներում ապրիլի 5-9-ը կկայանա ՌՌՀԻ-ի պատվիրակության հերթական այցը Հայաստան:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՌՌՀԻ-ի փոխտնօրեն Մերձավոր արտասահմանի երկրների հետազոտությունների կենտրոնի ղեկավար պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տ.Գուզենկովան, Կովկասյան հետազոտությունների սեկտորի պետ քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա.Ատաեւը եւ Կովկասյան հետազոտությունների սեկտորի ավագ գիտաշխատող Կ.Տասիցը:

Այցի շրջանակներում ապրիլի 6-ին տեղի կունենա երիտասարդ գիտնականների «Ժամանակակից Եվրասիան մեթոդաբանական տարբեր մոտեցումներում եւ հետազոտական պրակտիկաներում» խորհրդաժողովը: Միջոցառման կազմակերպիչներն են՝ Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի երիտասարդ արեւելագետների խորհուրդը: Խորհրդաժողովի շրջանակներում կկայանա դրամական մրցանակներով «Հայաստանը եւ եվրասիական ինտեգրացումը» մրցույթի հաղթողների պարգեւատրումը, որը ՌՌՀԻ-ի կողմից ա նցկացվել է 2015 թվականին: Մրցույթի մասնակիցները կստանան հատուկ սերտիֆիկատներ:

Ապրիլի 7-ին ՌՌՀԻ-ն «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հետ համատեղ կլոր սեղան կանցկացնի եվրասիական ինտեգրացման խնդիրների շուրջ: Միջոցառման նպատակը Եվրասիական տնտեսական միության խնդիրների ու հեռանկարների քննարկումն է, ինչպես նաեւ ինտեգրացիոն միավորմանը Հայաստանի մասնակցության առավել արդյունավետ ձեւերի որոնումը:

Այցի ավարտին՝ ապրիլի 8-ին, տեղի կունենա Եվրասիական փորձագիտական ակումբի նիստը, որտեղ կամփոփվեն ՌՌՀԻ-ի պատվիրակության՝ Հայաստան այցի արդյունքները, կնախանշվեն ռուս եւ հայ փորձագետների հետագա աշխատանքի պլանները: Նաեւ կկայանա ՌՌՀԻ-ի փոխտնօրեն Տ.Գուզենկովային ակումբի պատվավոր անդամների թվում ընդգրկելու հանդիսավոր արարողությունը:

Մշակութային ծրագրի շրջանակներում պատվիրակությունը կայցելի Արենի գյուղ, Ջերմուկ եւ Եղեգնաձոր, ինչպես նաեւ Նորավանք վանական համալիր:

Տեսանյութեր

Լրահոս