Թուրքիայի քաղաքացիները հուլիսի 1-ից ոչ ուշ Շենգենյան գոտի մուտք կգործեն առանց վիզայի. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի քաղաքացիները հուլիսի 1-ից կկարողանան առանց վիզայի ձևակերպման մուտք գործել Շենգենյան համաձայնագրի գործողության գոտի։ Այդ մասին HuberTurk հեռուստաալիքի եթերում հայտնել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Նաջի Քորուն:
«Հուլիսի 1-ից ոչ ուշ եվրոպական եվրոպական 26 երկրների դռները կբացվեն մեր քաղաքացիների առաջ ու ուղևորությունները կդառնան առանց վիզայի: Թուրքիայի քաղաքացիները կկարողանան Շենգենյան գոտում գտնվել մինչև 90 օր յուրաքանչյուր 180-օրվա ընթացքում»,- ասել է նա:
Քորուի խոսքով՝ առանց վիզայի ռեժիմի անցման համար ԵՄ-ի բոլոր 72 պահանջները պետք է կյանքի կոչվեն մինչև մայիսի 4-ը։
«Վերջին 10 օրում ընդունվել է քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք, ինչի շնորհիվ մենք անմիջապես սկսեցինք համապատասխանել այդ չափորոշիչներից 5-ին կամ 6-ին: Թուրքիան դեռ պետք է կատարի 72 պահանջից մոտ 30-ը մինչև մայիսի 4-ը»,- հայտնել է պաշտոնյան:
Սպասվում է, որ Եվրախորհուրդը կներկայացնի Թուրքիայի կողմից վիզային ռեժիմի չեղյալ հայտարարման համար անհրաժեշտ պայմանների պահպանման մասին ամփոփիչ զեկույցը: Եթե դրանում նշվի, որ Անկարան կատարել է պահանջները, իսկ Եվրախորհրդարանը հավանության արժանացնի փաստաթուղթը, ապա ԵՄ-ն և Թուրքիան կսկսեն նախապատրաստվել Շենգենյան վիզաներից փաստացի հրաժարման գործողությունները:
Քորունը նաև նշել է, որ Թուրքիայի քաղաքացիները ստիպված կլինեն փոխել իրենց անձնագրերը: Դրանք ԵՄ-ի պահանջով պետք է դառնան կենսաչափական ու պարունակեն որոշակի տեղեկատվություն տիրոջ մասին, այդ թվում՝ նրանց մատնահետքները: