Բնակարանային ֆոնդի ձևավորման պարտականությունն իր վրա է վերցնում պետությունը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հնարավոր է համարում Ժողովրդագրության իրավիճակի բարելավման 2016-2018 ազգային ծրագրով առանց կանխավճարի բնակարան տրամադրելու բաղադրիչը: Այս մասին նախարարը նշեց մարտի 30-ին լրագրողների հետ զրույցում: «Ես իսկապես շատ ուրախ եմ, որ մեր նախագիծը լայն հանրային քննարկման շրջանակներում է ընդգրկվել: Մեր առաջարկությունները, որոնք ձևավորել են ծրագիր-նախագծում, հստակ հիմնավորված են եղել կատարված հետազոտությունների, վերլուծությունների վրա, և ուղղված են ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը: Ծրագիրը ունի 5 ենթաբաղադրիչ: Հիմնական նպատակը սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորումն է Հայաստանում»,- նշեց նախարարը:
Արտեմ Ասատրյանի խոսքով` բնակարանային ֆոնդի ձևավորման պարտականությունն իր վրա է վերցնում պետությունը` հնարավորություն ընձեռելով քաղաքացիներին համապատասխան վճարումների միջոցով բնակարանը դարձնել իրենցը:
«Սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման նպատակը հասարակությանը բնակարանով ապահովելն է: Աշխատանքներն ընթացքի մեջ են, քննարկումներ են իրականացվում: 2010 թվականից երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններ ապահովող ծրագրով 2000-ից ավելի ընտանիքներ հնարավորություն են ստացել լուծել իրենց բնակարանային խնդիրները»,-շեշտեց նա`հավելելով, որ նախագիծը ներկայացվելու է կառավարություն: