Իսպանիայում ճառագայթաակտիվ նյութերով ճամպրուկ է կորել
Իսպանիայի միջուկային անվտանգության խորհուրդը հայտարարել է ճառագայթաակտիվ նյութեր պարունակող ճամպրուկի անհետանալու մասին, տեղեկացնում է BBC-ն:
Խոսքը վերաբերում է ցեզիում-137-ին եւ ամերիցիում-241-ին: Դրանք համեմատաբար ոչ բարձր ճառագայթում են արձակում, սակայն խորհուրդը նախազգուշացնում է, որ որոշակի հանգամանքներում այդ նյութերն, այնուամենայնիվ, կարող են վտանգ ներկայացնել մարդկանց համար:
Ինչպես հաղորդում են տեղական զանգվածային լրատվամիջոցները, ճառագայթաակտիվ նույթերը հատուկ սարքերում օգտագործվել են հողի խտության եւ խոնավության չափման համար, որոնք պատկանել են ինժեներա-շինարարական ընկերությանը:
Այդ սարքերը պահվում էին վառ նարնջագույն ճամպրուկում, որն ընկերությունը փոխադրում էր իր ավտոմեքենայով: Սակայն այժմ այդ ճամպրուկն անհետ կորել է:
Բացառված չէ, որ այն գողացել են, սակայն դրանում ընկերությունն առայժմ հաստատ համոզված չէ: