Կաննի փառատոնի բացմանը ցուցադրվելու է Վուդի Ալենի նոր ֆիլմը
Մայիսի 11-ին Կաննի 69-րդ փառատոնը բացվի Վուդի Ալենի «Society սրճարանը» նոր ֆիլմով, որը կցուցադրվի փառատոնների Լյումիեր պալատի դահլիճում կայանալիք բացման արարողությանը: Այդ մասին հայտարարել է փառատոնի մամուլի ծառայության աշխատակիցը:
Վուդի Ալենի նոր ֆիլմը ներկայացնում է մի երիտասարդի պատմություն, որը 1930-ականներին Հոլիվուդ է ուղեւորվում կինոարտադրությանը հաղորդակից դառնալու հույսով: Ֆիլմում նկարահանվել են Քրիստեն Սթյուարտը, Ջեսի Այզենբերգը եւ Սթիվ Քերելը:
Այս ֆիլմում Վուդի Ալենի հետ աշխատել է նշանավոր լուսանկարիչ, «Օսկար»-ի եռակի մրցանակակիր Վիտորիո Ստորարոն:
Նշենք, որ արդեն երկու անգամ Կաննի փառատոնը բացվել է հենց Վուդի Ալենի ֆիլմերով. 2002 թվականին ցուցադրվել է ռեժիսորի «Հոլիվուդյան եզրափակիչը», իսկ 2011 թվականին՝ «Կեսգիշերը՝ Փարիզում» ֆիլմերով: Նոր կինոնկարը մասնակցում է Կաննի արտամրցութային ծրագրին:
Հավելենք, որ այս տարի Կաննի 69-րդ փառատոնը Ֆրանսիայում տեղի կունենա մայիսի 11-ից 22-ը: Ժյուրիի նախագահն ամերիկացի ռեժիսոր Ջորջ Միլերն է: