Արդարացման դատական ակտ. «Իջևանատուն» ռեստորանային համալիրի սեփականատերն ազատ է արձակվել դատարանի դահլիճից
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր արդարացրել է «Իջևանատուն» ռեստորանային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին և դատարանի դահլիճից ազատ արձակել նրան: Անդրանիկ Խոջումյանը, ում մեղադրանք էր առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանության համար, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով մեղավոր էր ճանաչվել՝ դատապարտվելով 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Անդրանիկ Խոջումյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վերաքննիչ դատարանը որոշել է Անդրանիկ Խոջումյանին արդարացնել խուլիգանության մեղադրանքով, ու, թեև վերաքննիչ դատարանը գտել էր, որ Անդրանիկ Խոջումյանի գործողություններում առկա է սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք, այնուամենայնիվ այդ մասով ևս քրեական հետապնդումը դադարեցվել է՝ բողոքի բացակայության պատճառաբանությամբ: Անդրանիկ Խոջումյանի շահերը պաշտպանել են փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը:
Երվանդ Վարոսյանի խոսքով՝ ըստ մեղադրանքի՝ 2014թ. ապրիլի 1-ին իրեն պատկանող «Իջևանատուն» ռեստորանային համալիրի բակում կրակոցներ էր արձակել իրեն օրինական կարգով պատկանող որսորդական հրազենից, որով կոպիտ կերպով խախտել էր հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ. «Մինչդեռ, և ըստ Խոջումյանի, և ըստ մեզ՝ իր պաշտպանների, խուլիգանության մասին խոսք չէր կարող լինել՝ հաշվի առնելով գործի հանգամանքները: Մասնավորապես, գործի հանգամանքներից բխում էր, որ իրականում հարձակում էր տեղի ունեցել Խոջումյանին պատկանող ռեստորանային համալիրի վրա: Քրեական գործում առկա ապացույցներով հիմնավորված է, որ որոշակի մարդիկ եկել էին ռեստորանային համալիր՝ հաշիվներ պարզելու: Ընդ որում, այդ անձինք էլ էին զինված եղել, և կրակոցներ արձակվել էին ոչ միայն Խոջումյանի կողմից: Ուստի, այս պարագայում ակնհայտ էր, որ Անդրանիկ Խոջումյանը հասարակական կարգ խախտելու որևէ դիտավորություն չի ունեցել, այլ կրակոցներ արձակել է միմիայն այն նպատակով, որպեսզի իր սեփականությունը հանդիսացող համալիրի ուղղությամբ հարձակում գործած անձինք առաջ չգան, դրանով իսկ նա փորձել էր կանխել հասարակության համար այլ վտանգավոր հետևանքների վրա հասնելը: Այսինքն՝ իր գործողություններն ուղղված են եղել միմիայն նրան, որ համալիրի վրա հարձակում գործած անձինք ներս չմտնեն, իրեն և իր գույքը որևէ կերպ չվնասեն»:
Փաստաբանը բարձր գնահատեց վերաքննիչ դատարանի այս որոշումը: Գործը վերաքննիչ քրեական դատարանում քննվել է դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու նախագահությամբ, դատավորներ Կարինե Ղազարյանի և Մխիթար Պապոյանի մասնակցությամբ: «Ուզում եմ շեշտել, որ հերթական անգամ արդարադատության իրականացվում է հատկապես վերաքննիչ դատարանում և հատկապես Վազգեն Ռշտունու նախագահությամբ: Ես լիահույս եմ, որ այս ամենը շարունակական է դառնալու, և վերաքննիչ ատյանը, ապա` նաև վերաքննիչ ատյանի միջոցով մեր դատական համակարգը, ի վերջո, կդառնա արդարադատություն իրականացնող օղակ»,- ասաց Երվանդ Վարոսյանը:
Ի դեպ, նշենք, որ նախաքննության ընթացքում Անդրանիկ Խոջումյանը մեղադրվում էր սպանության փորձ կատարելու մեջ, ապա արանքը վերաորակվել էր` խուլիգանություն: