«Ինտեր ՌԱՕ»-ն կարող է Վրաստանում վաճառել ակտիվների մի մասը
Ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը կարող է վաճառել Վրաստանում իր ակտիվների մի մասը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ընկերությանը մոտ կանգնած աղբյուրին:
Աղբյուրի տեղեկություններով՝ խոսքը «Մտկվարի Էներգետիկա» ձեռնարկության մասին է: Նա ընդգծել է, որ քննարկվում են գեներացնող ակտիվները՝ Թբիլիսիի պետական շրջանային էլեկտրակայանների երկու Էներգաբլոկները՝ 600 մեգավատտ ընդհանուր հզորությամբ: Այլ ակտիվների մասին խոսք չի գնում:
Ռուսական ընկերությունը այդ տեղեկությունը չի հաստատել՝ բացատրելով, որ նման գործարք այդ պահին չի եղել:
Վրաստանի էներգետիկայի նախարարությունը հաստատել է «Ինտեր ՌԱՕ»-ի և վրացական կողմի բանակցությունների փաստը:
«Մենք հաստատում ենք, որ «Ինտեր ՌԱՕ»-ի և GIG-ի («Վրաստանի ինդուստրիալ խումբ) միջև բանակցություններ իսկապես ընթանում են, սակայն վերջնական համաձայնագրեր առայժմ ստորագրված չեն»,- RIA Novosti-ին հայտնել է Վրաստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Մտկվարի Էներգետիկայի» գործունեության հիմնական տեսակը էլեկտրաէներգիայի արտադրումն ու սպառումն է:
«Վրաստանի ինդուստրիալ խումբը» հոլդինգային ընկերություն է, որը միավորում և կառավարում է շուրջ 40 ընկերություն էներգետիկայի, բնական պաշարների արդյունահանման և վերամշակման, լոգիստիկայի, անշարժ գույքի, մեդիաբիզնեսի ու այլ ոլորտներում: