ԱԺ էթիկայի հանձնաժողովը շարունակում է քննել Մհեր Սեդրակյանի հարցը
Ազգային ժողովի էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովը մարտի 29-ին քննել է լրագրողների դիմումն ընդդեմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի: Նիստից հետո ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահին ըստ էության որևէ հայտարարություն չի անելու:
«Մենք նիստի ընթացքում պայմանավորվել ենք, որ հարցի հիմնական զեկուցողը՝ Թևան Պողոսյանը, ինչպես նաև հանձնաժողովի մյուս անդամները հնարավորության սահմաններում շփվեն այն լրագրողների հետ, ովքեր ներկա են գտնվել այդ միջադեպին՝ փորձելով նրանցից հավելյալ տեղեկատվություն ստանալ: Հետագայում արդեն մենք կնախապատրաստենք մեր վերաբերմունքը հարցի նկատմամբ»,- ասաց Հարությունյանը:
Նա ընդգծեց, որ մարտի 29-ի նիստում լսել են պատգամավորի դեմ հայց ներկայացրած լրագրողներին, իսկ ապրիլի 4-ին ևս մեկ նիստ են հրավիրելու, որի ընթացքում կլսեն պատգամավոր Մհեր Սեդրակյանին:
Խոսրով Հարությունյանը ասաց, որ նիստի ընթացքում դիտել են նաև միջադեպի տեսանյութը՝ հասկանալու համար՝ իրականում պատգամավորը լրագրողին հայհոյե՞լ է, թե ոչ: Հարցին՝ ի վերջո եղե՞լ է հայհոյանք, թե՞ ոչ, Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ այս պահին ոչինչ չի ասելու: «Ես հստակ բան կասեմ միայն այն ժամանակ, երբ հարցի վերաբերյալ ըստ էության որոշում լինի»,- նշեց պատգամավորը: