Եգիպտական ինքնաթիռի առևանգիչն ԱՄՆ-ի Ատլանտայի համալսարանի պրոֆեսոր է
Եգիպտական EgyptAir ավիաընկերության ինքնաթիռի առևանգիչ Իբրահիմ Սամախը ԱՄՆ-ի Ատլանտայի համալսարանի պրոֆեսոր է, հայտնում է «Ալ-Ահրամ» թերթը՝ հղում կատարելով Եգիպտոսի ուժային կառույցներում աղբյուրներին:
Հաղորդվում է, որ առևանգիչն ունի ամերիկյան քաղաքացիություն: Նա ունի անասնաբույժի դիպլոմ, Ալեքսանդրիա նահանգի բնակիչ է:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տղամարդը գրանցվել է А320 ինքնաթիռի ուղևոր, որն այսօր չվերթ էր իրականացնում Բուրգ էլ-Արաբից (Ալեքսանդրիա) Կահիրե: Եգիպտական հեռուստատեսությունը հրապարակել է Լառնակայի օդանավակայանից առաջին կադրերը: Դատելով լուսանկարներից՝ Սամախը մոտ 50 տարեկան է: Հաղորդվում է, որ տղամարդը պահանջել է իրեն թարգմանիչ տրամադրել և ապաստան Կիպրոսում:
Ինքնաթիռի թռիչքից հետո նա անձնակազմին հայտնել է, որ ինքնաթիռն առևանգված է ու հրամայել է թռչել Թուրքիա, սակայն վառելիքի անբավարարության պատճառով ինքնաթիռը վայրէջք է կատարել Լառնակայի օդանավակայանում:
Ինքնաթիռում ռումբի մասին տեղեկությունը չի հաստատվում, հայտնում են կիպրական աղբյուրները:
Ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորները, բացի 5 օտարերկրացիներից ու ինքնաթիռի անձնակազմից, ազատ են արձակվել: