ԴԱԻՇ-ը հարձակումներ է ծրագրում Թուրքիայի հրեական մանկապարտեզների վրա. Sky News
ԴԱԻՇ-ը պլանավորում է մոտ ժամանակներս Թուրքիայում ահաբեկչություններ իրականացնել, որի գլխավոր թիրախը լինելու են հրեա երեխաները, հայտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ հղում կատարելով հետախուզական ծառայություններում իր աղբյուրներին:
Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ ահաբեկչությունները «մոտ օրերս» կարող են տեղի ունենալ դպրոցներում, մանկապարտեզներում, երիտասարդական կենտրոններում:
«Այդ հանգամանքների լույսի ներքո հիմա անվտանգության ապահովման արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվում: Ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումներ ձեռնարկվում են շուրջօրյա»,- ասել է աղբյուրը:
Նա ընդգծել է, որ տեղեկությունները, որոնց տիրապետում են հատուկ ծառայությունները, ստացվել են անցած շաբաթ թուրքական Գազիանթեփում ձերբակալված ԴԱԻՇ-ի 6 զինյալից:
Վարկածներից մեկի համաձան՝ ահաբեկիչների համար թիրախ կարող է դառնալ Ստամբուլի սինագոգը, որին կից գործում է համայնքային կենտրոն և դպրոց: