Նոր մանրամասներ. անհայտ անձանց կողմից գրաված ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիպրոսում
Եգիպտական Egypt Air ավիաընկերության A-320 ինքնաթիռը, որը անհայտ անձինք գրավել են, վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Ինքնաթիռն ուղևորվում էր Ալեքսանդրիայից Կահիրե: Ինքնաթիռում կա 51 ուղևոր ու անձնակազմի 7 անդամ:
Անհայտ տղամարդը, որը գրավել է ինքնաթիռը, սպառնացել է ինքնաթիռի հրամանատարին ու ուղևորներին, որ կպայթեցնի մահապարտի գոտին, եթե իր պահանջները չկատարվեն, հայտնում է «Էլ-Բալյադ» պորտալը: Ինքնաթիռի կապիտանը հասցրել է հաղորդել Կահիրեի դիսպետչերներին, որ ինքնաթիռը գրավել են ու ներկայում այն ուղևորվում է Կիպրոս:
ԶԼՄ-ները հայտնում են, որ ինքնաթիռը գրաված անձինք մտադիր են ծագումով եգիպտացի կանանց ու երեխաներին թույլատրել լքել ինքնաթիռը:
Ինչպես հայտնում է Cyprus Mail պարբերականը, հղում կատարելով տեղի ոստիկանությունում աղբյուրին, ինքնաթիռը գրավել են առավոտյան՝ տեղի ժամանակով ժ. 08.30-ին:
CNN-ի տեղեկություններով՝ ինքնաթիռն Ալեքսանդրիայից դուրս է եկել առավոտյան ժ. 08.00-ին:
Կատարվածի առնչությամբ Կիպրոսում ստեղծվել է երկու ճգնաժամային խումբ: Hermes Airports ընկերության ադմինիստրացիան, որը ղեկավարում է Լառնակայի օդանավակայանը, դեռ զերծ է մնում մեկնաբանություններից: