«ՀԱԿ-ը և «Քաղաքացիական պայմանագիրը», ինչպես նաև ՀԱԿ-ը և Սասուն Միքայելյանը որևէ համաձայնություն չունեն»

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ նամակով դիմել էր ՀԱԿ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին` միջնորդելով ապրիլի 17-ին նշանակված Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ խմբակցության կողմից հանձնաժողովի անդամներ նշանակել Հրազդանի քաղաքապետի թեկածու Սասուն Միքայելյանի առաջադրած անձանց: Ի պատասխան` ՀԱԿ-ը հրաժարվել էր հանձնաժողովի անդամների տեղերը տրամադրել Ս. Միքայելյանի առաջադրած անձանց:

Նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանը Սաթիկ Սեյրանյանի հարցին, թե ինչու ՀԱԿ-ը մերժեց, վերջինս պատասխանել է, որ Սասուն Միքայելյանը հանդիպել է ՀԱԿ-ի տարածքային կառույցի ղեկավարի և անդամների հետ ու եկել են ընդհանուր հայտարարի. «Այսօրվա դրությամբ այդ խնդիրը փակ է, եթե փակ չէ, թող Սասունը բարձրաձայնի»,-ասել է Ջհանգիրյանը:

Այսօր 168.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ է ՀԱԿ պատգամավորի ասածները համապատասխանում իրականությանը: Ի պատասխան, նա նախ ասաց, որ տեղյակ չէ, որ նման հանդիպում է տեղի ունեցել, բայց փորձեց ճշտել տեղեկությունը, և տեղեկացրեց, որ հանդիպումը իսկապես կայացել է:

«Այդ հանդիպման շնորհիվ պարոն Միքայելյանը կարողացել է այնպես անել, որ իր 9 վստահված մարդիկ նշանակվեն տարբեր տեղամասերում, մնացած 19-ի հետ կապված որևիցե մեկաբանություն սխալ եմ համարում տալ, կտանք այդ մեկնաբանությունը ընտրություններից հետո, բայց, այնուամենյանիվ, չի փոխում այն հանգամանքը, որ ՀԱԿ-ը մերժել է, ուղղակի Սասուն Միքայելյանի աշխատանքի շնորհիվ կարողացել են այնտեղ այդ 9 հոգուն նշանակել տալ»,-նշեց Ա. Սիմոնյանը:

-Այսինքն ինչ-որ համաձայնությա՞ն են եկել Սասուն Միքայելյանն ու ՀԱԿ-ի Հրազդանի տարածքային կառույցը:

-ՀԱԿ-ը և «Քաղաքացիական պայմանագիրը», ինչպես նաև ՀԱԿ-ը և Սասուն Միքայելյանը որևէ համաձայնություն չունեն:

-Ինչպե՞ս է, որ Դուք տեղյակ չէիք այդ հանդիպան մասին:

-Դե, մի քանի ժամվա բան էր, չէի խոսել պարոն Միքայելյանի հետ, ես Հրազդան չեմ գնում, հարցրեցիք՝ զանգեցի, իմացա, ասացի: Դուք իմ աշխատանքը վա՞տ եք ուզում գնահատած լինեք:

-Նկատի ունենք՝ գուցե գաղտնի՞ է եղել հանդիպումը:

-Մենք մեր գործելաոճի, աշխատանքի մեջ այսքան ժամանակվա մեջ որևէ գաղտնի բան չենք արել ու չենք էլ անելու: Ես դրա մասին տեղյակ չեմ եղել որովհետև Հրազդան քաղաքում չեմ, զանգեցի Հրազադան՝ իմացա:

-Հանդիպումը ե՞րբ է եղել:

-Հանդիպումը չգիտեմ՝ կոնկրետ երբ է եղել, ենթադրում եմ մի քանի օր առաջ է եղել, կամ մի քիչ շուտ:

-Նիկոլ Փաշինայնը տեղյա՞կ է եղել այդ հանդիպումից

-Հա, հիմա տեղյակ է, ճիտն ասած, չգիտեմ՝ ե՞րբ է տեղեկացել, բայց հիմա տեղյակ է: Հանդիպում «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի և ՀԱԿ-ի հետ եղել է նաև մինչև այն պահը, երբ նրանք մերժել են, այսինքն՝ ի սկզբանե էլ է եղել նման հանդիպում:

Նշենք, որ Սասուն Միքայելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ մասին կխոսի ընտրություններից հետո ու կմանրամասնի՝ կոնկրետ ինչ է եղել:

«Հրազդանի տարածքայինի ղեկավարն ինձ ասում է՝ «իմացանք՝ դու ես առաջադրվել, մենք թեկնածու չենք դրել, դա արդեն մեծ բան է», ինձ համար հետաքրքիր է՝ այդ ո՞ւմ պետք է դնեին, որ կարողանային ինչ-որ ձայներ հավաքեին: Ես այս հարցին ընտրություններից հետո կանդրադառնամ»,- նշեց Ս. Միքայելյանը:

Տեսանյութեր

Լրահոս