Անհետ կորած Կարեն Վարդանյանը թրաֆիքինգի զո՞հ. ոստիկանությունում հաղորդում է ներկայացվել. armtimes.com
Մարտի 17-ից անհետ կորել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում որպես գլխավոր փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ Կարեն Վարդանյանը վերջին շրջանում ինչ-ինչ ֆինանսական խաբեության առաջ է կանգնել եւ նրա բնակարանը ձեռքից «վերցրել» են:
Կարենի ֆեյսբուքյան էջում նշված է, թե նա մեկնել է ԱՄԷ եւ այնտեղ աշխատանք է գտել, սակայն այդ օրը Երեւան-Դուբայ չվերթ չի եղել: Պատասխանելով ընկերների հարցերին, նա միայն գրել է հետեւյալը. «Էմիրատներում ինձ արդեն աշխատանք եմ գտել»:
armtimes.com-ը տեղեկացնում է, որ Կարեն Վարդանյանի բարեկամները քիչ առաջ ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում են ներկայացրել նրա` անհետ կորելու հետ կապված: Մալաթիայի բաժնում եւս մեկ հաղորդում էլ ներկայացվել է նրա գործատու, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կողմից:
Իոաննիսյանը մեր զրույցում ասել է, որ հանցագոծության մասին հաղորդում է ներկայացրել, քանի որ կասկածում է` Կարեն Վարդանյանը խարդախության եւ թրաֆիքինգի զոհ է դարձել:
Հավելենք, որ Դ. Իոանիսյանը Կ. Վարդանյանի ֆեյսբուքյան էջում 18 ժամ առաջ գրել էր. «Կարեն, եթե դու առաջիկա ժամերում չհայտնվես, մենք առավոտյան կդիմենք ոստիկանություն, քանի որ բանից պարզվում է, որ դու Դուբյ չես թռել, այլ Մոսկվա… Ընդ որում, դրանից առաջ վաճառել ես բնակարանդ:
Ավելին, որոշ մարդկանց ասել ես, որ 2 շաբաթով ես թռնում, իսկ որոշներին՝ 1… Բայց մենք (քո բարեկամների հետ միասին) արդեն համոզված ենք, որ դու լուրջ խնդիրներ ունես»: