Սոցիալական ցանցերից կախվածությունը 3 անգամ մեծացնում է դեպրեսիայի հավանականությունը. Հոգեբաններ

Որքան շատ են մարդիկ անցկացնում Facebook-ի և Twitter-ի նման սոցիալական ցանցերում, այնքան մեծ է հավանականությունը, որ նրանք կունենան դեպրեսիա: Նման եզրակացության են եկել Պիտսբուրգի համալսարանի (University of Pittsburgh) հոգեբանները, որոնք հարցում են անցկացրել 18-32 տարեկան 1800 օգտատերերի շրջանում:

Երիտասարդները, ովքեր ողջ օրն անցկացնում են սոցցանցերում, 2.7 անգամ ավելի շատ են ընկնում դեպրեսիայի մեջ, քան նրանք, ովքեր ավելի քիչ ժամանակ են տրամադրում դրանց: Այսպիսին էին հարցման ընդհանրացված արդյունքները: Ըստ հոգեբանների՝ YouTube, Instagram, Snapchat, Reddit և Tumblr կայքերում օգտատերերն անցկացնում են միջինում 61 րոպե և այցելում են շաբաթը 30 անգամ:

Հոգեբանները դեռ համոզված չեն, որ միայն սոցցանցերն են վատ էներգիայի աղբյուրը: Ըստ նրանց՝ մարդը, ով դեպրեսիայի մեջ է, դատարկությունը լրացնելու համար մտնում է զանազան կայքեր: Սակայն այս դեպքում օգտատերերը ստիպված են հաղթահարել ավելի մեծ արգելքներ, քանի որ դեպրեսիային ավելանում է նաև կախվածությունը, որը մոտիվացիա է դեպրեսիայի խորացման համար:

Այն, որ սոցիալական ցանցերը, մանավորապես՝ Facebook-ը, նպաստում է վատ տրամադրություն ունենալուն, հոգեբաններն առաջին անգամ բարձրաձայնել էին 2013 թվականին: Ըստ նրանց՝ կայքերից կախվածությունը մարդուն դարձնում է ավելի ինքնամփոփ ու միայնակ:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս