Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ C-ով վարակվելու գործով դատավորը փոխվել է
Քաջարանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների՝ հեպատիտ C-ով վարակվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող դատավորը փոխվել է: Քրեական գործը 2015թ. նոյեմբերին վարույթ էր ընդունել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը, ում նախագահությամբ կայացել են մի քանի դատական նիստեր: Դատավորի զեկուցագրի հիման վրա՝ տեղի է ունեցել կազմի փոփոխություն. քրեական գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանին, ով այն արդեն վարույթ է ընդունել:
Բժշկական կենտրոնում 14 քաղաքացի հեպատիտ C-ով էր վարակվել բժշկական օգնություն ստանալուց հետո: ՀՀ Քննչական կոմիտեն, որի վարույթում քննվել է քրեական գործը, հայտնել էր, որ նախնական քննությամբ պարզվել է, որ Քաջարանի բժշկական կենտրոնում 2014թ. ընթացքում ընդհանուր անզգայացմամբ իրականացված վիրահատությունների ժամանակ միանգամյա օգտագործման համար նախատեսված ներշնչափողային խողովակները, արտածծիչ սարքի խողովակը և ծայրադիրներն օգտագործվել են բազմակի, նշված բժշկական գործիքները և ընդհանուր անզգայացման ժամանակ օգտագործված «լարինգոսկոպն» ախտահանվել են ՀՀ առողջապահության նախարարի մի շարք հրամանների պահանջների խախտումներով: Արձանագրվել են նաև սանիտարահամաճարակային ոլորտի այլ խախտումներ, որի արդյունքում 2014 թվականի ընթացքում բժշկական կենտրոնում վիրահատված 14 քաղաքացի հիվանդացել է հեպատիտ C հիվանդությամբ:
Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Վարդան Ավագյանին, տնօրենի տեղակալ Վիրաբ Մանասյանին, գլխավոր բուժքույր Արմեդա Վանեսյանին, ավագ բուժքույր Նորա Կարապետյանին, բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդված 2-րդ մասով` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում` նրանց առողջությանը պատճառելով ծանր վնաս։