Բաժիններ՝

«Իրանցի զբոսաշրջիկները շատ են դժգոհում վատ վերաբերմունքից». Զբոսաշրջային ընկերության ղեկավար

Նովրուզի կապակցությամբ Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվն անցած տարվա համեմատ՝ այս տարի ավելացել է շուրջ 20-30%-ով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Տաթև» տուրիստական ընկերության ղեկավար Առլեն Դավուդյանը: Ըստ նրա՝ իրանցի զբոսաշրջիկների հոսքի ավելացումը պայմանավորված է Թուրքիայում առկա խնդիրներով, այդ երկիրն անապահով է, և իրանցիներն այս տարի չեն գնում այնտեղ. «Իրանցիները շատ մեծ քանակով էին գնում Թուրքիա: Այժմ այլընտրանքը Հայաստանն է, Ադրբեջանը և Վրաստանը»:

Ա.Դավուդյանի խոսքով, սակայն, հայերը միանշանակ դրական չեն վերաբերվում իրանցիներին. «Խնդիր կա տեղացի ժողովրդի հետ, որ իրենք չգիտեն՝ ինչպես ճիշտ վարվել իրանցի զբոսաշրջիկների հետ: Ժողովուրդը կարծես չի կարողանում հարմարվել այլ կրոնի, այլ դավանանքի մարդկանց այստեղ ընդունելու հետ, խնդիրներ ունենք, իրանցիները շատ են բողոքում, որ անհարգված են զգում, վատ վերաբերմունք կա: Եվ այս տարի, քանի որ իրանցիները մի քիչ ավելի շատ են, ավելի շատ ենք հանդիպում նման երևույթների, մի քանի դեպքեր եղել են, տաքսիների, խանութների հետ անհամություններ են եղել: Իրանից 12-13 հազար մարդ է գալիս, կարող է՝ նրանցից մի 50-ն էլ գող լինի, բայց դա ընդհանրացնել բոլորի վրա, ճիշտ չէ: Այդ սխալ վերաբերմունքը կա: Եթե մենք ուզում ենք զբոսաշրջային երկիր լինենք, պետք է ժողովուրդը սովորի հարգել մեզ մոտ եկած հյուրերի սովորույթներն ու իրենց, հակառակ դեպքում՝ չի ստացվի ցածր չնստել, իսկ վերևն էլ մեզ համար տեղ չկա»,- ասաց նա:

Ըստ Ա.Դավուդյանի՝ իրանցիները Հայաստանում մնում են 3 գիշեր, 4 օր, դրանից ավելի այստեղ անելու բան չկա: Գալիս են տարբեր խավերի ներկայցուցիչներ, որոնք հանգրվանում են ամենաթանկարժեք հյուրանոցներից սկսած՝ մինչև մոթելներում: «Հյուրեր կան, որ բրենդային խանութներից գնումներով են գնում, մյուսները՝ դժգոհ գնում են: Իրենք և՛ հաշվող, և՛ ծախսող ժողովուրդ են, ժլատ չեն, բայց փողի գինն էլ գիտեն, ռուսների նման շռայլ չեն, բայց իրենց հանգստի, սննդի համար ըստ պահանջի ծախսում են»,- նշեց Դավուդյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս