Պալմիրայում թեժ մարտեր են ընթանում. ջիհադիստները կռվում են մահապարտների գոտիներով
Սիրիայի կառավարական զորքերի ու ԴԱԻՇ-ի զինյալների միջև թեժ մարտեր են ընթանում Պալմիրայի գրեթե բոլոր թաղամասերում: Մարտեր չեն ընթանում քաղաքի միայն պատմական հատվածում, հայտնում է RIA Novosti-ն:
Հաղորդվում է, որ այսօր առավոտյան վերսկսվել են հարձակումները Պալմիրայի վրա: Սիրիայի կառավարական բանակն ու «Անապատի ճուռակներ» աշխարհազորայիններն առաջ են շարժվում քաղաքի կենտրոնի ուղղությամբ հյուսիս-արևմուտքից ու հարավ-արևելքից:
Ահաբեկիչները կատաղի դիմադրություն են ցուցաբերում Պալմիրայի զինվորական օդանավակայանի ու միջնաբերդի հարակից թաղամասերում:
Զինվորականների խնդիրն է ոչ միայն գրավել քաղաքը, այլև ձգտել որքան հնարավոր է քիչ վնաս հասցնել Պալմիրայի հնագույն հուշարձաններին: ԴԱԻՇ-ի զինյալները, իմանալով այդ մասին, խորամանկության են դիմում՝ նրանցից ոմանք կռվում են մահապարտի գոտիներով, որպեզի հարկ եղած դեպքում իրենց պայթեցնեն պատմական հուշարձանների հետ միասին:
Նման պայմաններում է, օրինակ, ընթանում Ֆահրուտդինի պալատի գրոհը, որտեղ արգելափակված է մոտ 60 զինյալ:
Սիրիացի զինվորականները շարունակում են ահաբեկիչներին դուրս մղել նաև Հոմս նահանգից:
Պալմիրան, որի հնագույն հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում են ներառված, ահաբեկիչները գրավել էին 2015թ. մայիսին:
Մինչ քաղաքը հանձնելը սիրիական բանակը տարհանել էր քաղաքի բնակիչների մեծ մասին ու Պալմիրայի թանգարանի պատմական ցուցանմուշները:
Քաղաքը նվաճելուց հետո ոչնչացման սպառնալիքի տակ էին հայտնվել հնագույն տաճարներն ու ավերակները:
https://www.youtube.com/watch?v=JciMvnJCuIg