Ահարոնյանը՝ ոստիկանության ձեռք բերած Alcovisor yupiter մոդելի ալկոտեստերի մասին
ՀՀ ոստիկանության ձեռք բերած Alcovisor yupiter մոդելի ալկոտեստերը պրոֆեսիոնալ, ներկառուցված տպիչով սարք է, որը հնարավորություն է տալիս ոչ միայն տեղում ստուգել վարորդի խմածության աստիճանը, այլև անմիջապես պատրաստել ու տպագրել արձանագրությունը, որը ներառում է վարորդի, մեքենայի, ստուգման բոլոր արդյունքները: Սարքի վերածրագրավորումը, հայաֆիկացումը, ՀՀ ստանդարտներին համապատասխանեցումը հենց այդ գործառույթի իրականացման նպատակն են հետապնդում, իսկ արձանագրությունը տեղում պատրաստելն անհնար է դարձնում միջամտությունը տվյալների բազային և բացառում կոռուպցիոն ռիսկերը: Այս մասին պարզաբանում ներկայացրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
««Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի մասնագետներն, այս ամենն անտեսելով, առաջարկում են պրոֆեսիոնալ սարքը փոխարինել սիրողական ցածրակարգ գործիքով: Անկեղծ ասած, զարմանալի է նման տրամաբանությունը, որով առաջնորդվելու դեպքում կարելի է հասնել խմածությունը հոտ քաշելով որոշելու ընդհանրապես անվճար տարբերակին, որը ոչ միայն տեխնոլոգիական միջնադար է, այլև արդյունավետ չէ: Բանն այն է, որ ոգելից խմիչք ընդունած վարորդը ենթակա է շատ լուրջ վարչական պատասխանատվության, ուստի խմածությունը պետք է որոշվի պրոֆեսիոնալ մակարդակով, արձանագրվի համապատ ասխան փաստաթղթերով, և քաղաքացին էլ պետք է վստահ լինի, որ ամեն ինչ ճիշտ է, ու գործընթացին որևէ կողմնակի միջամտություն բացառվում է: Թեկուզև էժան, բայց սիրողական սարքերով այս գործընթացը մեկ փուլով իրականացնել հնարավոր չէ, և խնայողությունն էլ այս դեպքում ոչ միայն հիմնավոր չէ, այլև ի վնաս քաղաքացու է»,-նշում է Ահարոնյանը:
Մարտի 23-ին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետը դիտարկումներ էր արել ՀՀ ոստիկանության ձեռք բերած ալկոտեստերների վերաբերյալ և տարակուսանք հայտնել ինչպես գնի, այնպես էլ ընկերության առնչությամբ, որից այդ սարքերը ձեռք էին բերվել: