Բաժիններ՝

Սիրիայում հակամարտության ժամանակ սպանվել է նվազագույնը 255 հազար մարդ. Պան Գի Մուն

Սիրիայում պատերազմի ընթացքում սպանվել է նվազագույնը 255 հազար մարդ, իսկ որոշ աղբյուրներ հայտնում են ավելի քան կես միլիոն սպանվածների մասին: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, Լիբանանի մայրաքաղաքում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

«Մենք ականատես եղանք զոհերի անթույլատրելի թվի՝ նվազագույնը 255 հազար մարդ, ոմանք կարծիք են հայտնում, որ սպանվել է ավելի քան 500 հազար մարդ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, թե «դա շատ լուրջ ու սրտաճմլիկ իրավիճակ է»:

Նրա խոսքով՝ 4 միլիոն սիրիացի դարձել է փախստական, ևս 12 միլիոն մարդ երկրի ներսում կարիք ունի մարդասիրական օգնության: «Սիրիայի մեծ մասն ավերակների է վերածվել՝ ենթակառուցվածքների ավելի քան 50%-ը ոչնչացվել է: Մենք պետք է դադարեցնենք այդ պատերազմը, որքան հնարավոր է արագ:

Դա պահանջում է ղեկավարների քաղաքական կամքը ու սիրիացիների վճռականությունը: Դա ՄԱԿ-ի ապագան չէ, դա նրանց ապագան է, նրանց ժողովրդի ապագան»,- ասել է նա՝ հավելելով, թե համաշխարհային կազմակերպությունը, իր հերթին, ամեն ջանք կգործադրի հակամարտության կարգավորման համար:

Նա խոսել է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ջանքերի մասին, որոնք անում են ամեն ինչ Սիրիայի հակամարտության կարգավորման նպատակով:

«Շատ կարևոր է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի երկու մշտական անդամները, լրջորեն աշխատում են դրա վրա՝ ՄԱԿ-ի հովանու ներքո ու հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ: Դեռ մենք չենք կարողացել մոտեցնել երկու կողմերի դիրքորոշումները, դրա համար ժամանակ է հարկավոր, սակայն մենք ջանասիրաբար աշխատում ենք դրա վրա»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս