ՏՏ ոլորտի մասնագետներին ԱՄՆ մուտքի վիզա տրամադրելու հարցով կզբաղվի ԱԳՆ-ն
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ԱՄՆ գործընկերների հետ կքննարկի ՏՏ ոլորտի հայկական ընկերությունների ներկայացուցիչներին Միացյալ Նահանգներ մուտքի վիզա չտրամադրելու հարցը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշված խնդրով ՀՀ վարչապետին դիմեց ԻՏՁՄ համագումարի ժամանակ: Ըստ Վարդանյանի՝ ԱՄն դեսպանության նոր հյուպատոսը չի տրամադրում մուտքի վիզա:
«Հայկական ընկերությունների հիմնական գործընկերներն ամերիկյան ընկերություններն են: Հայաստանի ՏՏ ոլորտի արտադրանքի մեծ մասն արտահանվում է հենց Միացյալ Նահանգներ, սակայն նոր հյուպատոսը տարբեր պատճառներով չի տալիս ԱՄՆ-ի մուտքի վիզա: Անչափ կարևոր է, որպեսզի գործընկերները հետագա համագործակցությունը քննարկեն հանդիպումների ժամանակ: Անհասկանալի է ԱՄն դեսպանության նման վարքագիծը»,- ասաց Վարդանյանը:
Լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանն ասաց, որ հարցն անպայման քննարկելու են: Կհանձնարարվի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, որպեսզի հարցը քննարկի գործընկերների հետ: