600 հազար դրամ տուգանք. այլ անձի տվյալներով քվեաթերթիկ է ստացել, սակայն փախել է
2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ընտրախախտումների ևս մեկ դեպքով ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել: Կ. Յարդումյանին մեղադրանք է առաջադրվել մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի համար:
Կ. Յարդումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում այլ անձի փոխարեն քվեարկելու նպատակով այցելել է Երևանում տեղակայված ընտրատեղամաս, որտեղ հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով իր մոտ եղած` ինքնությունը չպարզված անձնավորության անձնագիրը ներկայացնելով ու տվյալները հայտնելով, ստացել է քվեաթերթիկ, սակայն գիտակցելով հանցագործությունն ավարտին հասցնելու անհնարինությունը և բացահայտման վտանգն իրական համարելով, դիմել է փախուստի` հանցագործությունն ավարտին չհասցնելով իր կամքից անկախ հանգամանքներով:
Մինչև դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում լիովին: Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ նա դատապարտվել է 600 հազար դրամ տուգանքի: