Բրյուսելյան ահաբեկչությունից ՀՀ քաղաքացիներ չեն տուժել, իսկ բելգիահայերի հարցը դեռ պարզ չէ
«Բրյուսելում որոտացած պայթյուններից ՀՀ քաղաքացիներ չեն տուժել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրին Բելգիայում ՀՀ դեսպանատնից՝ անդրադառնալով այն տեղեկություններին, թե դեսպանատանը բացված թեժ գիծը անհետ կորած երկու երիտասարդի մասին ահազանգ է ստացել: «Երեկ մեր բացված թեժ գծին երկու ահազանգ ստացվեց, որ ահաբեկչություններից հետո երկու հայ երիտասարդ կորել են, սակայն ավելի ուշ երիտասարդների հարազատները գտան նրանց: Բացի այդ զանգերից, թեժ գծին այլ ահազանգեր չեն ստացվել»,- ասացին դեսպանատնից: Նաև տեղեկացրին, որ Բելգիայի պատկան մարմիններից դեսպանատանը տեղեկացրել են, որ տուժածների և զոհերի ցուցակներում ՀՀ քաղաքացիների անուն-ազգանուններ չկան:
Հարցին, թե խոսքը միայն ՀՀ քաղաքացիների՞ն, թե՞ նաև բելգիահայերին է վերաբերում, պատասխանեցին. «Մենք ևս այդ հարցը բարձրացրել ենք: Սակայն այս պահին դեռ որևէ հստակ պատասխան չենք ստացել: Այս պահին չունենք ահազանգեր կորած անձանց մասին և չենք կարող անուն-ազգանունը ներկայացնելով պարզել կա նման անունով տուժած կամ զոհ, իսկ ամբողջական ցուցակները դեռ պարզ չեն, որպեսզի մեզ հստակ պատասխանեն: Ուստի այս հարցով դեռ զբաղվում ենք»:
Հիշեցնենք, որ երեկ երկու պայթյուն էր որոտացել Բրյուսելի օդանավակայանում, որի հետևանքով տասնյակ զոհեր և տուժածներ կան: Բրյուսելի օդանավակայանում որոտացած պայթյուններից հետո հայտնի էր դարձել, որ պայթյուն է որոտացել նաև քաղաք մետրոյի «Մաալբեք» կայարանում: Զոհերի և տուժածների թիվը հասնում է մի քանի տասնյակի: