Հայտնի է Պուտինի ու Քերիի հանդիպման օրը
LifeNews-ի թղթակցի հարցին, թե երբ է տեղի ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը, Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ հանդիպումը տեղի կունենա մարտի 24-ին:
Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ հանդիպման օրակարգում առաջին հերթին լինելու են Սիրիայի ու Ուկրաինայի հարցերը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարը մարտի 22-25-ը կայցելի Մոսկվա: Ինչպես նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում, Քերին հանդիպումներ կունենա ռուս պաշտոնատար անձանց հետ:
Հանդիպումների ժամանակ քննարկվելու են Սիրիայում խաղաղության ապահովման աջակցությանն ուղղված միջազգային խմբի ջանքերը:
Բացի այդ՝ բանակցությունների ժամանակ բարձրացվելու են հարցեր՝ կապված Սիրայի բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու հետ: Քննարկվելու են նաև ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ու Սիրիայում իշխանության հնարավոր անցման հարցերը:
Ավելի վաղ Bloomberg-ն ու AP-ն գրել էին, թե ամերիկացի պետքարտուղարը գնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ՝ խոսելու Սիրիայի ու ռուսական զորքերի դուրսբերման մասին: