Բաժիններ՝

«Խոսակցություններ կային, որ բրյուսելյան ահաբեկչություններից հետո հայ երիտասարդ է կորել». Պետո Դեմիրճյան

«Խոսակցություններ կային, որ Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանի և մետրոյի պայթյուններից հետո մեկ հայ երիտասարդ է կորել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի» լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Պետո Դեմիրճյանը՝ անդրադառնալով հայ համայնքում տիրող տրամադրություններին ու երիտասարդին գտնելու համար ձեռնարկվող միջոցներին:

Նա նշեց, որ բնականաբար տխուր են տրամադրությունները, ինչը հասկանալի է, քանի որ անակնկալ կերպով նման մասշտաբի ու նման ողբերգական ահաբեկչություններ տեղի ունեցան: «Այդ երիտասարդի վերաբերյալ խառը տեղեկություններ կան, որոնք փորձում ենք ճշտել: Երեկ դեսպանատան թեժ համարին զանգեր են ստացվել, որ կա երկու անհայտ կորած անձ, բայց ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրանք գտնվել են»: Նրա խոսքով՝ այժմ իրենք փորձում են ճշտել, թե ում մասին էին տարածված խոսակցությունները:

«Հստակ բան այս պահին դեռ չկա: Հասկանալի է նաև այն, որ երկրում ստեղծված այս խառնաշփոթ իրավիճակում նման բաներ պատահում են, բայց կապի մեջ ենք բոլոր հնարավոր ատյանների` ԱԳՆ-ի և Արտակարգ իրավիճակների նախարարության, Ճգնաժամային կենտրոնի հետ, որպեսզի ճտենք, թե ինչ է կատարվել երիտասարդի հետ և ինչպիսին է իրավիճակն ընդհանրապես: Պարզապես այս պահին խնդիրն ան է, որ զոհերի և տուժածների անունները դեռ պարզ չեն, ուստի չեն հրապարակվում, բայց փորձոըւմ ենք հետևել այնքան, որքան հնարավոր է»,- նշեց Պետո Դեմիրճյանը:

Խոսելով ահաբեկչությունից` մեր զրուցակիցն ասաց, որ կարելի է սա համարել փարիզյան ահաբեկչությունների շարունակությունը: Ըստ նրա, ինչպես Բելգիայի Ոստիկանության պաշտոնական հայտարարություններն են պնդում, կա անմիջական կապ Փարիզի և Բրյուսելի դեպքերի միջև առավել ևս, երբ անցյալ հինգշաբթի ձերբակալվեց փարիզյան ահաբեկչության գլխավոր կասկածյալներից մեկը:

«Վստահաբար տեղի ունեցածը պատահականություն չէր»,- ընդգծեց Դեմիրճյանը: Նա, սակայն, վստահեցրեց, որ քրիստոնյա համայնքները անվտանգ վիճակում են, պետք չէ անհանգստանալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս