«Ուսանողներն ուսման վարձի փոխհատուցում ստանալուց հետո ՀՀԿ-ական չեն դառնում. Բերե՛ք օրինակներ». Կարեն Ավագյանին զայրացրեց լրագրողի հարցը
«Այստեղ ընդգրկված են այն ուսանողները, որոնք համապատասխանում են չափորոշիչներին, այսինքն՝ թիվ դրված չէր, որ անպայման 800-ին մոտ ուսանողներ պետք է ստանան»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյան:
Նշենք, որ այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ երիտասարդական հիմնադրամի կողմից 794 ուսանողների ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությունը, որին ներկա էին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը և այլք:
Կ. Ավագյանի խոսքով՝ այսօր ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր ստանում են բոլոր այն ուսանողները, որոնք կա՛մ անապահովության թերթիկ են բերել, կա՛մ գերազանց առաջադիմություն ունեն, կա՛մ սահմանամերձ համայնքների ուսանողներ են:
Լրագրողի դիտարկմանը, թե՝ լուրեր կան, որ այն ուսանողները, որոնք վարձի փոխհատուցման հավաստագրեր են ստանում, հետո դառնում են ՀՀԿ անդամ, Կ. Ավագյանը հորդորեց օրինակներ բերել. «Մենք չենք ընտրում մեր ցանկությամբ, ընտրվում են իրենք իրենց փաստաթղթերով, մենք չենք կարող ասել՝ ով է գերազանց, ով՝ սոցիալապես անապահով, իրենք են այդ փաստաթղթերը ներկայացնում, դրանից հետո իրենք մեզ հետ որևէ կապ չունեն, իրենք ստանում և գնում են»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ իր ելույթում ասաց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և կառավարությունը շատ արդյունավետ համագործակցում են, և ծրագիրն իրականացվում է ի նպաստ այն ուսանողների, ովքեր ունեն սոցիալական խնդիրներ: Նրա խոսքով՝ իրենց այդ քայլերը շարունակական բնույթ են կրելու:
«Այս հարթակն ինձ համար շատ հարազատ է: Կառավարությունն ամեն ինչ անում է, որ արժանի ուսանողները՝ անկախ սոցիալական խնդիրներից, կարողանան ստանալ գիտելիք, որը, համոզված եմ, օգտագործելու են մեր երկրի, սփյուռքի և Արցախի զարգացման գործում: Համոզված եմ, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն անաչառ կերպով կազմակերպել է մրցույթը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: