Ռուսները դո՞ւրս են մնում խաղից
«Ադրբեջանը փորձում է «դուրս թռչել այրվող գնացքից», և պատահական չէ, որ Բաքուն առաջինն աջակցեց Կասպրչիկի նախաձեռնությանը: Ադրբեջանը հասկանում է, որ այս ամենից կերոսինի հոտ է գալիս, իրավիճակը կտրուկ կերպով փոխվում է ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիան անսպասելիորեն անդունդն է գլորվում, Ադրբեջանը հայտնվել է Ռուսաստանի, Իրանի և խորտակվող Թուրքիայի միջև»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը` անդրադառնալով Վաշինգտոնում հնարավոր համարվող Սարգսյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ՝ Ադրբեջանի` Արևմուտքին հաճոյանալու քայլերին:
Ըստ Տարասովի, եթե Վաշինգտոնում երկու երկրների նախագահների հանդիպում կայանա, դա կլինի բեմականացում: «Իմ տեղեկություններով` ամերիկացիները կարգավորման հստակ պրոյեկտ չունեն: Միակ բանը, որ կարող է լինել, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանն աջակցեցին Կասպրչիկի ծրագրին, հնարավոր է, որ պայմանավորվեն հաշտության համաձայնագիր կնքելու վերաբերյալ: Բայց Ադրբեջանը խոսում է 1994թ. տարբերակի մասին, բայց այդ համաձայնագիրն ու արձանագրությունը ստորագրել էին Բաքուն, Ստեփանակերտն ու Երևանը: Իսկ ինչպե՞ս են նրանք ստորագրելու համաձայնագիր առանց Ստեփանակերտի այսօր: Բոլոր հարցերում մեթոդոլոգիական ձախողումներ են: Ադրբեջանը պարզապես փորձում է նոր խաղադրույքներ անել»,- ասել է Ստանիսլավ Տարասովը: Հիշեցնենք, որ մարտի 31-ին Վաշինգտոնում կայանալու է Միջուկային անվտանգության հարցերով չորրորդ գագաթաժողովը, որին մասնակցելու են նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները:
Արևմտյան փորձագիտական շրջանակներում տեսակետ կա, որ իր նախագահության երկրորդ ժամկետի վերջում գտնվող Բարաք Օբաման կարող է օգտագործել այդ առիթը` Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու և ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում բեկում մտցնելու համար: Որքանո՞վ են արդարացված այդ սպասելիքները, դժվար է ասել: Սակայն, դատելով առանց Ռուսաստանի մասնակցության ղարաբաղյան համակարտության կարգավորման գործընթացում որևէ տեղաշարժ արձանագրելու հնարավորության վերաբերյալ Կրեմլին մոտ կանգնած ռուս փորձագետների ջղաձիգ մոտեցումներից՝ առնվազն չպետք է բացառել, որ Վաշինգտոնում իսկապես կարող է էական ինչ-որ քայլ կատարվել հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում: