Իրաքցի զինվորականները հայտարարել են ԴԱԻՇ-ի վրացի «պաշտպանության նախարարի» դին հայտնաբերելու մասին
Էր-Ռամադի քաղաքի մոտ իրաքցի զինվորականները հայտարարել են ԴԱԻՇ-ի առաջնորդներից Ումար աշ-Շիշանիի (Թարխան Բատիրաշվիլի) մարմնի հայտնաբերման մասին, որին խմբավորման անդամներն անվանում էին «պաշտպանության նախարար»: Այս մասին հայտնել է Alsumaria հեռուստաալիքը:
«Բանակի ուժերը հայտնաբերել են ԴԱԻՇ-ի 10 ահաբեկիչների մարմիններ Էր-Ռամադիից արևելք՝ Ալբու Օբեյդ շրջանում: Նրանցից մեկը պատկանել է ԴԱԻՇ-ի հրամանատար Ումար աշ-Շիշանիին»,- լրագրողներին ասել է Անբար նահանգում օպերացիայի հրամանատար Իսմայիլ ալ-Մահլաուին:
Աշ-Շիշանիի հնարավոր ոչնչացման մասին տեղեկությունը սկսել էր շրջանառվել մարտի սկզբին: Այն շուտով հերքվեց, սակայն հետո հայտնվեց տեղեկություն, որ զինյալը գտնվում է կլինիկական մահվան վիճակում:
Հիշեցնենք, որ Պենտագոնը տեղեկություն էր տարածել, թե Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացված օպերացիայի հետևանքով Շիշանին սպանվել է: Ջիհադիստի հայրը՝ Թեմուր Բատիրաշվիլին, ով ներկայում բնակվում է Վրաստանի Պանկիսի կիրճում, ասել էր լրագրողներին, թե ոչինչ չգիտի որդու ճակատագրի մասին, քանի որ վաղուց նրա հետ շփում չունի: