Բաժիններ՝

ՌԴ-ն կարող է սկսել արձագանքել Սիրիայում հրադադարի խախտման դեպքերին. գլխավոր շտաբ

ՌԴ գլխավոր շտաբը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «ձգձգում է» Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի խախտման դեպքերի արձագանքման ընդհանուր կանոնների ընդունումն ու նախազգուշացրել է, որ կարող է կիրառել այդ պայմանները միակողմակի կարգով, հայտնում է BBC-ն:

Համապատասխան հայտարարությունը ՌԴ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյն արել է ռուս-ամերիկյան խորհրդատվությունների արդյունքներով, որ անցկացվել են մարտի 19-ին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում:
«Խորհրդատվություններն ի հայտ են բերել ամերիկյան կողմի պատրաստ չլինելը համաձայնագրի տեքստի համաձայնեցմանն ու քննարկմանը:

Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտման համաձայնեցված կանոնների ընդունման ձգձգումն անընդունելի է»,- հայտարարել է Ռուդսկոյը՝ նշելով, որ ռուսական կողմը պատրաստ է ընդունել ԱՄՆ-իպատվիրակությանը Մոսկվայում կամ հանդիպել վերջինիս հետ՝ փաստաթուղթը որքան հնարավոր է արագ համաձայնեցնելու նպատակով:

«Տվյալ առաջարկին ԱՄՆ-ի ռեակցիայի բացակայության պայմաններում Ռուսաստանի Դաշնությունը մարտի 22-ից միակողմանի կարգով ձեռնամուխ կլինի կանոնների կիրառմանը, որ նախատեսված են համաձայնագրով»,- հայտարարել է Ռուդսկոյը՝ ընդգծելով, որ այդ դեպքում Ռուսաստանը պլանավորում է ռազմական ուժ կիրառել միայն այն միավորումների նկատմամբ, որոնք պարբերաբար խախտում են կրակի դադարեցման ռեժիմը:

«Հրադադարի ռեժիմը պահպանող միավորումների, ինչպես նաև խաղաղ բնակչության ու քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ռազմական ուժ չի կիրառվի»,- հայտարարել է նա:

Ամերիկյան կողմը դեռ չի արձագանքել հայտարարությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս