Օբյեկտիվ քննության նպատակով՝ փաստաթուղթ կեղծելու գործն ընդունվել է ՀՀ ՀՔԾ վարույթ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գորիսի տարածքային բաժնում կատարված ստուգման արդյունքներով նույն ծառայության մոնիթորինգի և վերլուծության վարչության աշխատակիցների կազմած տեղեկանքում և դրա հիման վրա ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակիցների անցկացրած ծառայողական քննության եզրակացության մեջ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն ներառելու դեպքի առթիվ Գ. Շ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում 2016 թվականի մարտի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Այնուհետև ՀՀ գլխավոր դատախազը գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: