Ավարտին է մոտենում 48-օրյա Մեծ պահքը. մենարկել է Ավագ կամ Չարչարանաց շաբաթը
Եկեղեցական տոնացույցում այսօրվանից՝ մարտի 21-ից, մեկնարկում է Ավագ շաբաթը, որը նաև անվանվում է «Չարչարանաց շաբաթ»: Այն Մեծ Պահքի վերջին շաբաթն է և խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի կարևոր շրջանը` վերջին օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր կրում է «ավագ» անվանումն ու ունի իր խորհուրդը: Ավագ շաբաթն սկսվում է Ծաղկազարդի կիրակիով` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքով:
Ավագ երկուշաբթին «Անպտուղ թզենու չորացման» խորհուրդն ունի: Այն նվիրված է աշխարհի` երկնքի ու երկրի արարչագործությանը: Այս օրը մտաբերում են այն դեպքը, երբ Հիսուսի անեծքով չորացրեց անպտուղ թզենին:
Ավագ երեքշաբթին խորհրդանշվում է «Տասը կույսերի առակով»: Ավագ երեքշաբթին կապված է նախորդ օրվա հետ. ակնարկվում է, որ մեր առաքինի գործերով հոգեպես պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը, այլապես կչորանանք թզենու պես և երկնքի արքայությունից դուրս կմնանք հինգ հիմար կույսերի նման:
Ավագ չորեքշաբթի` «Օծում և մատնություն»: Այս օրը Քրիստոսի մատնության հիշատակի օրն է։ Հիշատակվում է Քրիստոսի օծումը և Հուդայի մատնությունը։ Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշում է Տիրոջ մոտալուտ մահը։
Ավագ հինգշաբթի` «Վերջին ընթրիք»-ի օրն է: Ըստ Ավետարանի` այդ օրը հաստատվել է Սբ. Հաղորդության խորհուրդը։ Միջօրեին մատուցվում է Սբ. Պատարագ։ Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ։ Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը։ Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում։ Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը։ Այն խորհրդանշում է Քրիստոսին, ով մնացել էր մենակ։ Ավագ Հինգշաբթի երեկոյան կատարվում է «Խավարման» արարողությունը: Խաչելությունից առաջ Տիրոջ գլխին փշե պսակ դրեցին, ծաղրեցին, անարգեցին, ապա խաչեցին, ծարավը հագեցնելու համար ջրի փոխարեն լեղի տվեցին և մեռնելուց հետո էլ տեգով խոցեցին: Քրիստոս այս բոլոր չարչարանքները հանձն առավ և խաչափայտի վրա հոգին ավանդեց` մարդկության փրկության և մեղքերի քավության համար:
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան հիշատակի օրն է։ Առավոտյան կատարվում է ժամերգություն, ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը՝ մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը։ Ավագ ուրբաթ պատարագ չի մատուցվում, որովհետև Քրիստոս պատարագվեց խաչի վրա։ Երեկոյան արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը։
Ավագ շաբաթ օրը նվիրված է Հիսուսի թաղմանը, գերեզմանի կնքմանը: Քրիստոսը Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից, փաթաթվում պատանքով ու դրվում վիմափոր գերեզմանի մեջ: Վերջինիս մուտքը փակում են մի մեծ քարով: Հիսուս երրորդ օրը հարություն է առնում, ինչպես որ Ինքն էր մարգարեացել իր մասին: Ավագ շաբաթվա երեկոյան մատուցված ճրագալույցի պատարագով սկսվում է Հարության տոնը, իսկ կիրակի օրը Զատկական պատարագով այն վերածվում է համընդհանուր տոնախմբության: Հիսուսն Իր մահով հաղթեց մահվանը մեզ` մարդ արարածներիս փրկության համար: Երբ Զատկական պատարագին լսում ենք «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսը, մենք էլ մեր ձայնը բարձրացնենք, ականատեսները լինենք Քրիստոսի հարության` պատասխանելով. «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:
Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի նշում է մարտի 27-ին: