Բրյուսելում կալանավորվել է փարիզյան ահաբեկչությունների թիվ մեկ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամը
Ահաբեկիչ Սալահ Աբդեսլամը, որին Բելգիայում անվանում են «թիվ մեկ թշնամի», վիրավորվել է ու կալանավորվել երեկ Բրյուսելի Մոլենբեկ կոմունայում տեղի ունեցած հակաահաբեկչական օպերացիայի ժամանակ, հայտնում է CNN-ը:
Սալահ Աբդեսլամը համարվում է 2015թ. նոյեմբերին Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կազմակերպիչը, նրան որոնում էին Բելգիայի ու Ֆրանսիայի ոստիկանությունը:
Ահաբեկչի եղբայրն իրեն պայթեցրել էր նոյեմբերի 13-ին Փարիզում՝ Վոլտերի ճեմուղում, իսկ Սալահին հաջողվել էր հեռանալ Փարիզից շնորհիվ իր ընկերների, որոնք նրան տեղափոխել էին Բելգիա: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել մոտ 4 ամիս:
Ոստիկանական օպերացիան կազմակերպվել է այն օրը, երբ Բրյուսելում միգրացիոն թեմայի շուրջ քննարկման էին հավաքվել Եվրամիության 28 երկրների ու կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն
Հակաահաբեկչական հատուկ օպերացիան կոչվում էր «եվրոպական ահաբեկչության խաչմերուկ»: Մոլենբեկը գտնվում է Եվրոպայի խորհրդի շենքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որտեղ տեղի էր ունենում գագաթաժողովը:
Հատուկ օպերացիայի ընթացքում սպանվել է Ադբեսլամի համախոհներից մեկը, նրա անունը դեռ չի հաղորդվում: Կալանավորվել ու վիրավորվել է ևս մեկ ենթադրյալ ահաբեկիչ: Աբդեսլամին ու երկրորդ վիրավորին տեղափոխել են Բրյուսելի հոսպիտալներից մեկը:
Ահաբեկչի գտնվելու վայրը հաջողվել էր պարզել շնորհիվ Բրյուսելի մեկ այլ կոմունայում՝ Ֆորում, երեքշաբթի օրն անցկացված խուզարկության արդյունքում: Սալահ Աբդեսլամի ԴՆԹ-ն հայտնաբերվել էր բնակարանի խուզարկության ժամանակ: Հունվարին հրապարակվել էին նոր կադրեր տեսահսկման սարքերից, որոնց վրա պատկերված էր հետախուզման մեջ գտնվող ահաբեկիչը: