«Իշխանությունները զիջումների կգնան միայն այն ժամանակ, երբ քաղաքացին տեր կանգնի իր ընտրելու իրավունքին». Արմեն Մարտիրոսյան
«Մեզ աստվածատուր տրված է մի իրավունք, որից իրավունք չունենք հրաժարվել, որովհետև, ըստ էության, այդ իրավունքով է մարդը՝ մարդ, և այդ իրավունքը ընտրելու իրավունքն է, որը մեր բոլոր տեսակի իրավունքների հիմքն է: Ըստ էության նորանկախ Հայատանի աքիլեսյան գարշապարը եղավ ու մինչև հիմա մնում է ընտրական համակարգը»,- Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ այս մասին ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ այսօր ներկայացվել է Ընտրական օրենսգրքի մի նախագիծ, որն, ըստ էության, «բացառապես մաթեմատիակական աճպարարության շնորհիվ ու մի փոքր ընտրական տեխնոլոգիայի շնորհիվ» իշխանություններին ապահովելու է վերարտադրության հստակ մեխանիզմ.
«Եվ սա արդեն կլինի օրենքով: Ուստի անհրաժեշտ է, որպեսզի մենք վերականգնենք ընտրելու մեր իրավունքը: Առանց այդ էլ կեղծված Սահմանադրությամբ մեզանից խլեցին հնարավորինս շատ ընտրություններին մասնակցելու իրավունքը. համապետական մակարդակով երկու անգամ նվազեցրին»:
Նա համոզված է, որ դրա դեմ պայքարելու համար կա երկու ճանապարհ. «Առաջին քաղաքական, քաղաքացիական դաշտի ներկայացուցիչների համախմբումն է՝ որոշակի առաջարկների շուրջ: Այս համախմբումը ոչ թե պետքէ լինի բացառապես ինչ-որ թղթի շրջանակում համագործակցությունը և ստորագրությունը, այլ այս համագործակցությունը պետք է լինի Ազատության հրապարակում, և այդ համագործակցությունը պիտի Ազատության հրապարակ կանչի մեր քաղաքացիներին, որովհետև իշխանությունները զիջումների կգնան միայն այն ժամանակ, երբ քաղաքացին տեր կանգնի իր ընտրելու իրավունքին: Այս պայքարը նաև պետք է զուգակցվի քաղաքացիական և քաղաքական ուժերի կողմից՝ միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքով, ինչը հիմա կատարվում է: Այս երկու հոսանքներն են, որ միավորվելով ապահովելու են մեր ընտրական իրավունքի վերականգնումը»: