Հարկավոր է Մինսկի խմբի հանդիպումներն անցկացնել ողջ կազմով. Մամեդյարով
Երեկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեհլերի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը:
Հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության առաջնայնությունները, հայ-ադրբեջանական հակամարտությունը, Ադրբեջանի ու ԵԱՀԿ-ի ներկայիս հարաբերություններն ու դրանց հետագա զարգացումը:
Տեղեկացնելով Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի մասին՝ Մամեդյարովը դարձյալ հայտարարել է, թե «Հայաստանի իրական նպատակն է սադրիչ գործողությունների օգնությամբ վնասել բանակցային գործընթացին, պահպանել գոյություն ունեցող ստատուս-քվոն»:
Մամեդյարովի խոսքով՝ անհրաժեշտ է հակամարտության կարգավորման մեջ ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամներն ու Մինսկի խմբի ողջ կազմով հանդիպումներ անցկացնել:
Գյունտեր Բեհլերը ասել է, որ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, Գերմանիան հատուկ ուշադրություն է դարձնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին, որը սպառնում է տարածաշրջանի կայունությանը։
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: