«Մենք նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծմանն ուղղված տարբեր տեսակի ծրագրերի ենք աջակցել». Ջուդիթ Ֆարնուորթ
«Միացյալ Թագավորության կառավարությունը հանձն է առել ողջ աշխարհում խթանել անվտանգությունը, զարգացումը և այնպիսի արժեքների տարածումը, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, գենդերային հավասարությունը և այլն»,- այս մասին հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը՝ Բրիտանիայի դեսպանատան կողմից ֆինանսավորվող ծրագրերն ամփոփելու ժամանակ:
Նա նշեց, որ Երևանում Բրիտանիայի դեսպանատան հիմնական առաքելություններից մեկն այն է, որ ՀՀ-ին օգնում են կազմակերպել ավելի կայուն, ժողովրդավար, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրեր. «Այս ծրագրերն իրականացնելու համար համագործակցում ենք կառավարության, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և մյուս դերակատարների հետ»:
Նա նշեց, որ այս ֆինանսական տարվա ընթացքում դեսպանատունը ֆինանսավորել է 32 ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 870.000 ֆունտ ստեռլինգ (շուրջ 600 մլն դրամ): Ծրագրերն իրականացվել են Երևանում, Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում:
«Մեր ծրագրերից մի քանիսը փորձում էին Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների միջև տարբեր պլատֆորմներ ստեղծել, որտեղ մարդիկ համատեղ տարբեր տեսակի քննարկումներ կանեն: Մենք նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծմանն ուղղված տարբեր տեսակի ծրագրերի ենք աջակցել, այդ թվում՝ աջակցել ենք քաղաքական կուսակցությունների երիտթևերին, տարբեր տեսակի հարթակներ ենք տրամադրել քաղհասարակության տարատեսակ ներկայացուցիչներին: Կոնկրետ աջակցություն ենք ցուցաբերել ԼՂՀ-ում ականազերծման աշխատանքների համար»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ ծրագրերի ընթացքում աշխատել են ՀՀ ՊՆ-ի, ԱԻՆ-ի և տեղական հ/կ-ների հետ՝ փորձելով առավել խթանել նախարարությունների և պետական տարբեր ապարատների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
Դեսպանը նշեց, որ մարդու իրավունքների, պատշաճ կառավարման և ժողովրդավարության խթանման նպատակով ներկայացվել է օրինախախտների հետ աշխատանքի բրիտանական փորձը, պատժողական արդարադատությունից դեպի վերականգնում անցման ժամանակակից մոտեցումները Բրիտանիայում, ինչպես նաև՝ դատական արդար վարույթի և քրեական գործերի վերաբացման ժամանակակից նվաճումները: Ֆինանսավորվել են նաև մշակութային ուղղությամբ ծրագրեր: