TAG Heuer-ը հրապարակել է BaselWorld-ի համար նախատեսված նորույթները
TAG Heuer շվեյցարական ընկերությունը նորույթներ է ցուցադրել, որոնք կներկայացվեն ոսկերչական իրերի եւ ժամացույցների BaselWorld-ի միջազգային ցուցահանդեսում, որն անցկացվելու է մարտի 17-ից մինչեւ 24-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Բազելում «Լենտա.ռու»-ի թղթակիցը:
Խոսքը Heuer Monza-ի նորացված մոդելի մասին է, որն ստեղծվել է ի պատիվ ավստրացի ավտոմրցարշավորդ Նիկ Լաուդի: Ժամացույցի կորպուսը պատրաստվել է բարձիկի ձեւով, մեխանիզմը հանդերձված է պուլսոմետրով եւ տախիմետրիկ սանդղակով:
Ապագա ցուցահանդեսի եւս մեկ նորույթ է մետաղյա թեւնոցով Heuer-01-ը. մեխանիզմը մշակված է 188 տրամաչափի բազայի վրա: BaselWorld-ի շրջանակներում նաեւ կներկայացվեն Aquaracer տղամարդու ժամացույցները՝ 43 միլիմետր տրամագիծ ունեցող կորպուսով:
TAG Heuer-ը շվեյցարական ընկերություն է, որը թողարկում է հեղինակավոր ձեռքի ժամացույցներ, ժամանակաչափեր, սմարթֆոններ եւ ակնոցներ: Այն մտնում է պերճանքի առարկաների արտադրությամբ զբաղվող LVMH հոլդինգի մեջ: Տարբեր ժամանակներում ընկերության հետ համագործակցել են Սթիվ Մաքքուինը, Կրիշտիանու Ռոնալդուն, Ումա Թուրմանը, Լյուիս Հեմիլթոնը եւ Բրեդ Փիթը: