Բաժիններ՝

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրից օգտվողների ցանկն ընդլայնվեց

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ փոփոխություններ մտցվեցին «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրում: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով նշեց, որ կառավարությունը խնդիր է դնում աշխուժացնել ծրագիրը և ավելի մեծ թվով երիտասարդ ընտանիքներ ներգրավել դրանում՝ աչքի տակ ունենալով ոչ միայն՝ աջակցությունը երիտասարդ ընտանիքներին, այլև՝ ՀՀ-ի առջև ծառացած ժողովրդագրական խնդիրների լուծումը:

«Այդ իսկ պատճառով մենք հաշվի ենք առել այն հանգամանքը, որ ամուսնական տարիքի շեմն ինչպես՝ ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ ՀՀ-ում, աճել է: Որքան էլ խոսակցություններ առկա չեն, որ անշարժ գույքի գներն անկում են ապրում, բայց իրականում, թեև շուկան մի փոքր պասիվացած է, այնուամենայնիվ գնանկում չկա: Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ առաջարկում ենք ծրագրում փոփոխություն կատարել»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Մասնավորապես, նրա խոսքով, եթե այս պահին ծրագրում ընդգրկվում էին այն բնակարանները, որոնց գինը չէր գերազանցում 16 մլն դրամը, ապա այժմ առաջարկվում է այն սահմանել 25 մլն դրամ: Ծրագրում ընդգրկված են եղել միայն այն ընտանիքները, որոնցում ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը, այժմ առաջարկվում է այդ շեմը դարձնել 65-ը:

Երևանում տրամադրվող հիպոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը նվազեցվել է, և նախատեսվել է ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսի չափով, եթե վարկառուի կողմից, բացի տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող գրավից, գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ, իրոք, լրացուցիչ ֆինանսական բեռ է կառավարության համար, պատրաստ են այն վերցնել իրենց վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս