Բաժիններ՝

Օբաման հրաման է ստորագրել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաման է ստորագրել Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Ինչպես հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, նոր պատժամիջոցների սահմանման պատճառը Փխենյանի կողմից միջուկային ու բալիստիկ հրթիռների փորձարկումներն են, տեղեկացնում է BBC-ն:

Համաձայն նոր պատժամիջոցների՝ սառեցվում է ԱՄՆ-ում Հյուսիսային Կորեայի պետական սեփականությունը, արգելվում են ամերիկյան ներդրումներն ու արտահանումը Հյուսիսային Կորեա:

Պատժամիջոցները ենթադրում են նաև «սև ցուցակի» համալրում այն անձանցով, որոնք գործեր են վարում Փխենյանի հետ: Դրանք ներառում են այն պատժամիջոցները, որոնք վերջերս հավանության էին արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:

Դրանք վերջին տասնամյակում Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված ամենախիստ պատժամիջոցներն են: Ցանկում կան նաև այլ պատժամիջոցներ, որոնք հավանության էին արժանացել Կոնգրեսի կողմից ու սահմանվել էին ԱՄՆ նախագահի կողմից դեռ փետրվարին:

«Այդ որոշումը կայացվել է մեր երկարաժամկետ քաղաքականության շրջանակում՝ հյուսիսկորեական ռեժիմի վրա ճնշում գործադրելու նպատակով: ԱՄՆ-ն ու համաշխարհային հանրությունը չեն հանդուրժի Հյուսիսային Կորեայի հանցավոր գործողությունները՝ կապված միջուկային ու բալիստիկ հրթիռների հետ: Մենք կշարունակենք պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ այնքան, մինչև նա չսկսի իրականացնել իր միջազգային պարտավորությունները»,- հայտարարել է Էռնեստը:

Օբամայի խոսքով՝ պատժամիջոցները չեն ազդի երկրի հասարակ քաղաքացիների վրա, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը միայն իրեն պետք է մեղադրի պատժամիջոցների համար:
Հիշեցնենք, որ մարտին Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռների փորձարկում իրականացրեց՝ սպառնալով հարվածել նաև Հարավային Կորեային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս