Շարմազանովն անբարոյականություն է համարում ԱԺ նախագահի պաշտոնին հավակնելու մասին լուրերի տարածումը
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է մամուլում տարածված տեղեկատվությունը, թե ինքը և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը հավակնում են Ազգային ժողովի նախագահի պաշտոնին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ նման լուրերի տարածումն անբարոյականություն է: «Անբարոյականություն է նման բան մտածելը, ի՞նչ ԱԺ նախագահ: Մենք ունենք ԱԺ նախագահ, և ես կարծում եմ, որ նման հրապարակումները, նման բան նույնիսկ մտածելը, նման հավակնությունները, պարզ ասում եմ, անբարոյականություն են, ով ուզում է լինի 131 պատգամավորներից: Գալուստ Գրիգորիին առողջություն ենք մաղթում: Նման բան պատվիրելը, հրապարակելը, մտածելը, գործելը անբարոյական է, իսկ մնացածները թող իրենց համար մտածեն»,- ասաց Շարմազանովը:
Նաև հավելեց, որ Արտակ Զաքարյանին ևս շատ լավ ճանաչում է ու վստահեցրեց, որ նա էլ նման հավակնություններ չունի: «Արտակ Զաքարյանին էլ եմ շատ լավ ճանաչում: Չկա նման բան: Մենք այսօր բոլորս ավելի լավ աշխատում ենք նաև մեր սիրելի Գալուստ Գրիգորիի համար, որովհետև երբ ինքն այսօր մեզ հետ չէ, այստեղ չէ, պառլամենտում չէ, ինքն արտերկրում է, բուժզննում է անցնում, մենք ունենք լրացուցիչ պատասխանատվություն ավելի լավ աշխատելու»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումներից մեկի համաձայն՝ Էդուարդ Շարմազանովը և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հավակնում են ԱԺ նախագահի պաշտոնին, երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բուժզննում է անցնում արտերկրում: