Բաժիններ՝

Կալանավորը հայտնել է իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին. հարուցվել է քրեական գործ

ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայող Ա. Թ.-ն հայտնել է, որ 2016 թվականի փետրվարի 16-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելիս նկատել է քաղաքացու, ով փողոցում աղմկել և հայհոյանքներ է հնչեցրել, ինքը մոտեցել է քաղաքացուն և պահանջել դադարեցնել խախտել հասարակական կարգը, սակայն վերջինս չի ենթարկվել իր օրինական պահանջին: Իր կանչով դեպքի վայր են ժամանել ոստիկանության այլ աշխատակիցներ և քաղաքացուն բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ նա շարունակել է չենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, բռունցքով հարվածներ է հասցրել ոստիկանության ծառայողին, կոտրել է հերթապահ մասի խցի դուռը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու համար քաղաքացի Կամո Հ.-ին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Այնուհետև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կամո Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կամո Հ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս