Թրամփին փորձել են տապալել բեմից
ԱՄՆ Օհայո նահանգում ցուցարարներից մեկը փորձել է բեմից տապալել ԱՄՆ-ի նախագահի հանրապետական ընտրարշավի առաջատար Դոնալդ Թրամփին։ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի փոխանցմամբ` նա դիմադրել է և ավելի ուշ նշել, որ պատրաստ էր հակահարված տալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ի հինգ նահանգներում՝ Իլինոյսում, Միսուրիում, Օհայոյում, Հյուսիսային Կարոլինայում եւ Ֆլորիդայում, մարտի 15-ին տեղի են ունեցել հանրապետականների ու դեմոկրատների ազգային համագումարների պատվիրակների հերթական ընտրությունները, որտեղ առաջադրվելու են նախագահի թեկնածուները: Միլիարդատեր Դոնալդ Թրամփը հանրապետականների կուսակցական ընտրությունների առաջատարն է Իլինոյսում, Միսուրիում, Հյուսիսային Կարոլինայում եւ Ֆլորիդայում: Օհայոյում հաղթել է այդ նահանգի նահանգապետ Ջոն Քեյսիկը, Թրամփն զբաղեցրել է երկրորդ տեղը:
Իլինոյսում եւ Միսուրիում դեմոկրատների կուսակցական ընտրություններում ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նվազագույն առավելությամբ հաղթել է Վերմոնտից սենատոր Բեռնի Սանդերսին: Երկու նահանգներում էլ արդյունքը մոտավորապես նույնն է՝ 50 տոկոս՝ 49 տոկոսի դիմաց:
Օհայոյի, Հյուսիսային Կարոլինայի եւ Ֆլորիդայի նահանգներում ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը վստահ հաղթանակ է տարել Սանդերսի նկատմամբ՝ համապատասխանաբար 56 տոկոս՝ 43 տոկոսի դիմաց, 55 տոկոս՝ 41 տոկոսի դիմաց եւ 64 տոկոս՝ 33 տոկոսի դիմաց արդյունքներով:
«Գերերեքշաբթիի» նշանակալի արդյունքներից մեկը դարձել Է նախընտրական մրցարշավից Ֆլորիդայի նահանգից սենատոր Մարկո Ռուբիոյի դուրս գալը: Սենատորն իր «տնային» նահանգում պարտություն է կրել Թրամփից:
ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները տեղի են ունենալու 2016 թվականի նոյեմբերի 8-ին: